Հանրագիտարան >> Հայոց ցեղասպանության հանրագիտարան >> Արաբական աղբյուրները հայերին ոչնչացնելու ոճրագործության մասին

«ԱՐԱԲԱԿԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ ՀԱՅԵՐԻՆ ՈՉՆՉԱՑՆԵԼՈՒ ՈՃՐԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ». փաստաթղթերի ժողովածու. լույս է տեսել Բեյրութում` 1988-ին, արաբերեն: Կազմել է Ռ. Պողոսյանը: Ժողովածուն բաղկացած է 3 մասից: Առաջին մասը պարունակում է Մեքքայի շերիֆ (կառավարիչ) Հուսեյն իբն Ալի ալ Հաշիմիի երկու ուղերձները` ուղղված աշխարհի բոլոր մահմեդականներին: Երկու ուղերձներում էլ Հուսեյնը խստորեն քննադատում է երիթուրքերի «Միություն և առաջադիմություն» կուսակցությանը և նրա պարագլուխներ Էնվերին, Թալեաթին, Ջեմալին, որոնք, նրա կարծիքով, սխալ քաղաքականության և վատ կառավարման հետևանքով կայսրությունը հասցրել են կործանման: Նա հատկապես դատապարտել է երիթուրքերի քաղաքականությունը կայսրության ոչ թուրք ժողովուրդների նկատմամբ: Եվ որպես հավաստում իր տեսակետի բերում է երեք փաստարկ: Առաջին. երիթուրքերը փորձում էին կայսրության բոլոր ժողովուրդներին բռնի ուժով դարձնել թուրքեր: Երկրորդ. նրանց թշնամական վերաբերմունքը արաբական լեզվի նկատմամբ, որն արգելվել էր օգտագործվել դպրոցներում,  վարչական մարմիններում և դատական ատյաններում, թեև արաբերենը իսլամի լեզուն է: Որպես թուրք ղեկավարների անմարդկային հակաարաբական քաղաքականության դրսևորում Հուսեյնը դիտում է Սիրիայում 21 ականավոր արաբական գործիչների կախաղան բարձրացնելը Ջեմալ փաշայի անմիջական հրամանով: Երրորդ. հայերի ջարդերը, որ իրագործեցին երիթուրքերը առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում: Երկրորդ մասում է արաբական հասարակական գործիչ և գրող (ազգությամբ `թուրք) Վալի ադ Դին Յաքանի (1873-1921) «Հայտնին և անհայտը» գրքի «Ազատության մարտիրոսներ մեր հայ եղբայրների ջարդերը» հատվածը: Մոտիկից է ճանաչել հայերին, և նրանց նկատմամբ սուլթանի կիրառած վայրագությունները առաջ են բերել Յաքանի բողոքն ու ցասումը: Յաքանը Օսմանյան կայսրությանը համարում է ջարդերի երկիր: «ՈՒլեմների մեծամասնության մոլեռանդությունը, ժողովրդի տգիտությունը և կառավարության դաժանությունը, գրում է նա,- երկիրը ենթարկեցին երեք տարբեր կոտորածների: Առաջինը Դամասկոսի ջարդն էր, որը տեղի ունեցավ 1860 թ: Ապա տեղի ունեցավ բուլղարների ջարդը 1877: Այնուհետև վրա հասան հայկական կոտորածները»: Յաքանը ընդգծում է, որ հայկական ջարդերը կազմակերպելու գործում սուլթան Աբդուլ Համիդ II-ը ճարպկորեն օգտագործեց քրդերին ` խաժամուժից և հանցագործ տարրերից ստեղծելով «համիդյան» գնդեր: Անդրադառնալով հայկական կոտորածների պահանջներին` Յաքանը տվել է դրանց բավական ինքնատիպ բացատրություն. «հայերը Արևելքի զավակներն են, իսկ Արևելքի զավակները ոգով հարուստ են» և, «ցանկանալով ձերբազատվել թուրքերի պատճառած ստտորացումներից», նրանք խորամուխ եղան գիտության մեջ, մեծ նվաճումների հասան լուսավորության և արդյունաբերության զարգացման բնագավառներում, ունեցան իրենց զարթոնքը, որը շարժեց թուրքերի նախանձը: Հայերը քաջ գիտակցում էին, գտնում է նա, թե ինչպիսի պարտականություններ և իրավունքներ ունեն պետության նկատմամբ: Նրանք համաձայնվեցին կատարել իրենց պարտականությունները պետության  հանդեպ` փոխարենը պնդելով իրենց իրավունքների վրա: Դա դուր չեկավ թուրքերին, քանզի նրանք չգիտեին, որ հայերը պետության հանդեպ իրավունք ունեն, և համոզված էին, որ այդ իրավունքը միայն մահմեդականների մենաշնորհն է: Յաքանը համոզված է, որ այս պարագաներն էլ իրենց վճռական դերը խաղացին հայերի ջարդերի կազմակերպման համար Աբդուլ Համիդ  II-ի արյունալի տիրապետության շրջանում:

Ժողովածուի երրորդ մասը Ֆայեզ Ղոսեյնի «Ջարդերը Հայաստանի մեջ աշխատությունն է»: Գիրքը ականատեսի գրառումներն են (որ նա կատարել է բարեխղջությամբ), վկայություններ արևմտահայերի մի խոշոր հատվածի կոտորածի մասին. «այն ամենը,ինչ որ գրել եմ, ճշմարտություն է,և դա լոկ մի փոքր մասն է այն չարագործությունների, որ թուրքերը իրականում կատարեցին հայ ազգի նկատմամբ»: Ղոսեյնը հայերի ցեղասպանության ամբողջ մեղքը բարդում է թուրքական կառավարության վրա, և հավաստում, որ դա երիթուրքերի պաշտոնական քաղաքականությունն էր: Գրքում ամենայն մանրամասնությամբ նկարագրված են այն դաժանությունները և չարչարանքները, որոնց ենթարկվել են հայ ընտանիքները, ծերերը, կանայք, երեխաները: Նա տեղեկություններ է հաղորդում նաև թուրքական խորհրդարանի պատգամավորներ Գրիգոր Զոհրապի և Վարդգեսի սպանությունների մասին:
«Ջարդերը Հայաստանի մեջ» գիրքը Ֆայեզ Ղոսեյնը գրել է 1916-ին, և որոոշ ժամանակ անց  այն լույս է տեսել եվրոպական լեզուներով և հայերեն:
 

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան, 1996թ.:

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am