ԶՈՀՐԱՊ Գրիգոր (1861, Կ. Պոլիս - 1915, Մեծ եղեռնի զոհ), գրող, հրապարակախոս, փաստաբան - իրավագետ, հասարակական - քաղաքական գործիչ: Բարձրագույն կրթություն է ստացել Կ. Պոլսում: 1883-ից զբաղվել է փաստաբանությամբ, միաժամանակ իրավագիտություն դասավանդել Կ. Պոլսի համալսարանում: Հրատարակել է իրավագիտական աշխատություններ (մեկը՝ ֆրանսերեն, Փարիզում, երկուսը՝ թուրքերեն, Կ. Պոլսում): 1892-93-ին Հ. Ասատուրի հետ խմբագրել է «Մասիս» հանդեսը, իսկ 1908-ին՝ Սիպիլի և Հ. Ասատուրի հետ նույնը՝ որպես օրաթերթ: Աշխատակցել է «Հայրենիք», «Արևելք», «Ազատամարտ» և այլ պարբերականների: 1895-96-ին ստանձնել է հայ ամբաստանյալների պաշտպանությունը՝ փրկելով բազմաթիվ կյանքեր:

1905-ին Իշթիպի կայմակամի դեմ (մի բուլղար հեղափոխականի խոշտանգելու համար) վարած դատի պատճառով Զոհրապին արգելվել է զբաղվել փաստաբանությամբ, և նա հարկադրված մեկնել է Ֆրանսիա: 1908-ի երիտթուրքական հեղաշրջումից հետո վերադարձել է Կ. Պոլիս: Ընտրվել է Ազգային ժողովի և օսմանյան մեջլիսի պատգամավոր (1908-1915): Խորհրդարանում պահանջել է վերակառուցել կրթական գործը, օրենսդրությունը, պայմաններ ստեղծել գիտության, արվեստների, արդյունաբերության և գյուղատնտեսության զարգացման համար, վերացնել հնավանդ հարկերը, ավատական մենաշնորհներն ու կամայականությունները, ճանաչել երկրի բոլոր ազգերի քաղաքական և ազգային իրավունքները: Ադանայի 1909-ի կոտորածների կապակցությամբ Ե. Օտյանը նշել է. «Եթե Զոհրապ չըլլար, թերևս ջարդվողները հանցավոր հռչակվեին»: 1911-ին թուրքական վարչապետին ուղարկած հուշագրով Զոհրապը պահանջել է վերջ տալ հայերի հանդեպ իթթիհաթական կառավարության համիդյան մեթոդներին: 1912-14-ին Հայկական հարցի վերաբերյալ բանակցություններ է վարել մեծ տերությունների դեսպանությունների հետ: 1913-ին Մարսել Լեար ծածկանունով Փարիզում ֆրանսերեն հրատարակել է «Հայկական հարցը վավերագրերի լույսի տակ» գրքույկը: Ձերբակալվել է և վայրագորեն սպանվել աքսորի ճանապարհին:

 

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

 

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am