ԶԵՅԹՈՒՆՑԻ (Սեմերճյան Մնացական) (1840, Զեյթուն-1914, Երուսաղեմ), հասարակական-քաղաքական գործիչ, գրող: Սովորել է ծննդավայրի Կեդրոնական վարժարանում: Զբաղվել է ուսուցչությամբ: Մասնակցել է Զեյթունի 1862-ի ապստամբությանը, որի ճնշումից հետո, հոկտեմբերին Կ. Պոլիս է հասցրել ապստամբության լուրը և հանգանակություն կազմակերպել զեյթունցիների օգտին: 1895-ին թուրքական իշխանությունները ձերբակալել են Զեյթունցիին: Յոթնամյա բանտարկությունից հետո անցել է Կիպրոս, Ալեքսանդրիա, ապա՝ Ժնև: 1908-ի երիտթուրքական հեղաշրջումից հետո վերադարձել է Զեյթուն, ապա հաստատվել Բուխարեստում: «Զեյթունի անցյալեն և ներկայեն» երկմաս աշխատության (1900, 1903) մեջ շարադրել է Զեյթունի պատմությունը՝ հին ժամանակներից մինչև XIX դ. վերջը: Գիրքը արժեքավոր տվյալներ է պարունակում Զեյթունի բնակչության զբաղմունքի, կրթական գործի, եկեղեցիների ու վանքերի, աշխարհագրական միջավայրի, կենդանական աշխարհի մասին: Առանձնահատուկ տեղ է տրված Զեյթունի ինքնապաշտպանության կռիվներին և թուրքական լծի դեմ ազատագրական պայքարին:

Հ. Պողոսյան

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

 

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am