ԶԵՅԹՈՒՆ, Ուլնիա, գյուղաքաղաք Լեռնային Կիլիկիայում, Մարաշից 38 կմ հյուսիս-արևելք, Տավրոսյան լեռնաշղթայի ստորոտին, 700 մ երկարությամբ և 400 մ լայնությամբ երկու խոր ձորակներով սահմանագծված բարձունքի վրա: Բնակիչների նախնիները Կիլիկիա են գաղթել Բագրատունիների թագավորության վերացումից (1045) հետո:

Կիլիկիայի հայկական թագավորության անկումից հետո Հայկական լեռնաշխարհից գաղթած Անիի, Սասունի և Վանի նախկին բնակիչների մի մասը Դաշտային Կիլիկիայից բարձրացել է լեռները՝ նոր բնակավայրը կոչելով Անի կամ Քաղաքիկ: Սակայն նրանց դեմ թուրքմեն մի ցեղի՝ Զյուլ ղատիրների արշավանքները Անիի բնակիչներին հարկադրել են Պիրիտ (Պրիտ) լեռան ստորոտին ստեղծել իրենց նոր բնակավայրը՝ Զեյթուն կամ Ուլնիան:

Քաղաքը բաժանված էր 4 թաղերի, որոնցից յուրաքանչյուրն ուներ իր իշխանը: Իշխաններից մեկը կոչվում էր իշխանապետ: Զեյթունի գավառակն ուներ 29 գյուղ՝ 27460 բնակչով, որոնցից 8344-ը մահմեդականներ էին և մինչև 1865-ը հարկ էին վճարում Զեյթունի կենտրոնական իշխանությանը: Զեյթունի գավառակը մինչև 1865-ը գոյատևել է որպես ինքնավար համայնք՝ 1626-27-ից, Սուլթան Մուրադ IV-ի հրովարտակով, տարեկան 15 հզ. դահեկան հարկ վճարելով Այա Սոֆիայի տաճարին: Զեյթունում ապրել են 24 տուն լազեր, որոնց հետ հարաբերությունները եղել են հաշտ ու խաղաղ: Լեռնականները զբաղվել են գյուղատնտեսությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ, մեղվաբուծությամբ, արհեստներով և երկաթի մշակությամբ: Լեռնահանքից զեյթունցիները պատրաստել են կայծքարերով հրացաններ, թրեր ու նիզակներ, դաշույններ, գործիքներ: Բորակի (աղ), ծծմբի և փայտածխի համապատասխան խառնուրդից ստացել են վառոդ: Իշխանները ունեցել են իրնեց զինված մարտիկները (մոտավորապես 5-8 հզ.): Զեյթունը իրենց ենթարկելու նպատակով թուրքական իշխանությունները XVIII դ. վերջին քառորդին երկու արշավանք են կազմակերպել (1780 և 1782) դեպի Զեյթուն, սակայն չեն կարողացել գրավել գյուղաքաղաքը և հաշտվել են դրա ինքնավար վիճակի հետ: XIX դ. սկզբից ծայր են առել թուրքական նոր արշավանքներ (1808, 1819, 1829, 1840, 1860 ևն), սակայն քաջարի լեռնականները զենքով պաշտպանել են իրենց հայրենի բնակավայրերը, և թուրքական ուժերը հաջողության չեն հասել: 1862-ին Մարաշի Ազիզ փաշան մեծ զորաբանակով հարձակվել է Զեյթունի վրա, սակայն խայտառակ պարտություն է կրել: Դրանից հետո՝ 1865-ին լեռնականներն ստիպված ընդունել են թուրքական առաջին կայմակամին (գավառապետ), և վերացել է նրանց կիսանկախ կարգավիճակը, որը, սակայն, 3 տարով վերականգնել են՝ ապստամբելով 1877-78-ի ռուս-թուրքական պարտերազմի նախօրյակին: Զեյթունի պատմության ամենափառավոր էջերից է 1895-96-ին նրա զավակների հերոսամարտը ընդդեմ թուրքական բանակների: 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ Զեյթունի լեռնականները իրենց բնակավայրերից բռնությամբ տեղահանվել են, քշվել Միջագետքի անապատները, որտեղ թուրքական իշխանությունների բարբարոսությունների և անտանելի գոյապայմանների հետևանքով զանգվածաբար զոհվել են: 1918-ին, երբ Գերմանիան և Թուրքիան պարտություն են կրել, Զեյթունի ողջ մնացած բնակիչների մի մասը վե­րադարձել է ծննդավայրը, սակայն քեմալական զորքը 1921-ին հեռացրել է նրանց:

Հ. Պողոսյան

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

 

 

  

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am