ԶԱՎՐԻԵՎ (Զավրյան) Հակոբ (1866, Թիֆլիս-1920, Մոսկվա), ազգային- ազատագրական շարժման գործիչ, բժիշկ: Ազնվական: ՀՀԴ կուսակցության անդամ: 1892-ին ավարտել է Պետերբուրգի ռազմաբժշկական ակադեմիան: Ուսանող տարիներից զբաղվել է հայ ժողովրդի ազատագրության հարցերով: 1902-ից աշխատել է Բաքվում՝ Բալախանիի շրջանի հիվանդանոցի գլխավոր բժիշկ: Այստեղ մտերմացել է Հ. Քաջազնունու, Նիկոլ Դումանի հետ: Մեծ դժվարություններով բազմիցս անցել է Արևմտյան Հայաստան, Մուշում հիմնել հիվանդանոց, բուժօգնություն կազմակերպել ժողովրդին, քարոզել ազատագրական գաղափարներ: Հետապնդվելով թուրքական իշխանություններից՝ անցել է Եվրոպա, կատարել դիվանագիտական հանձնարարականներ: Բալկանյան պատերազմների ժամանակ (1912-13) Փարիզում, Պետերբուրգում և Լոնդոնում փորձել է եվրոպական կառավարությունների ուշադրությունը հրավիրել Հայկական հարցի վրա: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մասնակցել է հայկական կամավորական շարժմանը, կռվել Անդրանիկի ջոկատում: 1917-ին եղել է ռուսական զորքերի կողմից գրավված տարածքների (Վան, Խնուս, Էրզրում, Տրապիզոն) կոմիսար Ավերյանովի տեղակալը, լուծել բուժական, վարչական, տնտեսական, պաշտպանական հարցեր, կազմակերպել զինված խմբեր (ավելի քան 3-4 հզ. մարդ), որոնք մեծ դեր են խաղացել թուրքերի դեմ հայ ժողովրդի ինքնապաշտպանական կռիվներում: Հայ ժողովրդի փրկության հարցով 1918-ի ամռանը (Լ. Նազարյանցի և Ռ. Դարբինյանի հետ) Մոսկվայում բանակցություններ է վարել Ռուսաստանի բոլշևիկական կառավարության հետ: Բայց 1918-ի հուլիսին Բաքվի կոմունայի անկումից հետո (որի մեղքը հանիրավի բարդում էին դաշնակցականների վրա) Զավրիևը, որպես դաշնակցության անվանի գործիչ, ներկալվել է, նշանակվել Մոսկվայի սուր վարակիչ հիվանդությունների հիվանդանոցի բժիշկ, որտեղ և վարակվել է բծավոր տիֆով ու մահացել:

Ե. Գասպարյան

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am