ԶԱՐԴԱՐՅԱՆ Ռուբեն [1874, գ. Սևերեկ (Արևմտյան Հայաստանում)-1915, Մեծ եղեռնի զոհ], գրող, խմբագիր, հասարակական գործիչ: ՀՀԴ կուսակցության անդամ: Կրթությունը ստացել է Խարբերդի ազգային վարժարանում, ապա՝ Թլկատինցու ղեկավարած ուսումնական հաստատությունում: 1892-1903-ին ուսուցչություն է արել Մեզրեի Ազգային կեդրոնական վարժարանում: Ձերբակալվել է քաղաքական գործունեության համար (1903-04), ազատվելուց հետո մեկնել է Բուլղարիա, որտեղ հրատարակել է «Ռազմիկ» թերթը: 1908-ի երիտթուրքական հեղաշրջումից հետո վերադարձել է Կ. Պոլիս, 1909-ին հիմնել «Ազատամարտ» թերթը, որի խմբագրապետն էր մինչև մահը: 1910-ին լույս է ընծայել «Ցայգալույս» ժողովածուն, որը 1912-ին հրատարակվել է ֆրանսերեն, Փարիզում: Ինչպես գրել է Զարդարյանը, «Ցայգալույսը» խորհրդանշանն է պատմական այն շրջանին, ուր բռնադատիչ խավարը կը ճնշեր թրքահայ մտքին և գրականության վրա: Բանը ոչնչացած չէր, բայց կենսազուրկ ու կիսակենդան, հազիվ կը ճառագայթեր մթաստվեր ու մռայլ հորիզոնի մը վրա, որպես տրտմության անդրադարձ ցոլքը ցայգալուսային աշխարհի մը մեջ» («Ցայգալույս», 1910, էջ 5): Զարդարյանը հեղինակ է նորավեպերի, հեքիաթների, արձակ բանաստեղծությունների, ավանդությունների: Քայքայվող օջախները վերականգնելու, ապրելու համար պետք է մաքառել, կենսականության ուժը պահել հայրենասիրությամբ՝ սա է Զարդարյանի ստեղծագործական հավատամքը:

1915-ին ձերբակալվել է, ուղարկվել Այաշ, ապա Կոնիա, Հալեպ, որտեղ զոհվել է:

 

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am