ՅՈԶՂԱՏ, գավառ Թուրքիայում, Անկարայի նահանգում, Փոքր Ասիայի կենտրոնական մասում, Պոնտոսի լեռնաշղթայի արևելյան հատվածում: Կենտրոնը՝ Յոզղատ: Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին ուներ 48 հայաբնակ գյուղ, 75,5 հզ. հայ բնակչությամբ: 1914 թ. հոկտեմբերին գավառի 18-45 տարեկան հայ տղամարդիկ զորակոչվել են թուրքական բանակ և կոտորվել 1915 թ. Մեծ եղեռնի ժամանակ: Նախապատրաստելով հայերի կոտորածը՝ թուրքական կառավարությունը Անկարայի նահանգապետ (վալի) է նշանակել հայատյաց Աթըֆին, Յոզղատի փոխգավառապետ՝ Քեմալին: Բանտերից արձակված մոտ 3000 քրեական հանցագործների զինել են և երիտթուրքական սպաների ղեկավարությամբ ուղարկել հայերին կոտորելու: Ըստ նախապես մշակված ծրագրի, 1915 թ. հուլիսին թուրքական ուստիկանությունը զինաթափել է շրջափակված հայկական գյուղերի բնակիչներին, հավաքել և ոչնչացրել մնացած տղամարդկանց, որից հետո հայերի վրա հարձակված մահմեդական սպառազեն խուժանն սկսել է թալանը, խոշտանգումներն ու բռնաբարությունները: Յոզղատի Բուրն Գըշլան հայաբնակ գյուղում 20 հազարանոց թուրքական ամբոխը հայերից պահանջել է մահմեդականություն ընդունել, նրանց մի մասին հավաքել է մահմեդական դրոշի տակ և ոչնչացրել: Գյուղի եռօրյա թալանից հետո 120 հայի կացիններով խոշտանգել են ջրաղացների մոտ, բռնությամբ տեղահանված կանանց, երեխաների մեծ մասին կոտորել մոտակա ձորում: Օգոստոսի 1-ին Յոզղատ քաղաքի շուկայում սկսվել է տեղի հայերի կոտորածը: Փակվել են քաղաքի կամուրջներն ու մուտքերը, ձերբակալված հայ մտավորականներին երկու օր անց հոշոտել է թուրքական զինված խուժանը, որից հետո հայ բնակիչներին բռնությամբ տեղահանել են, շատերին բարբարոսաբար սպանել Տետե Սումլո գյուղի մոտ և Կըզըլ Ըրմակի կամրջի վրա: Փոխգավառապետ Քեմալի մասնակցությամբ հայերի իսկական սպանդ է տեղի ունեցել Յարա դերեսի ձորում, որտեղ, թալանելով նրանց կարավանները, տղամարդկանց կապկպել են և սպանել: Ականատեսի վկայությամբ, անօգնական հայերին գազանաբար խոշտանգել են, կացիններով անդամահատել, ծվատել նորածիներին և մանկահասակ երեխաներին: Հայերը որոշ վայրերում դիմել են ինքնապաշտպանության, սակայն չեն կարողացել կանխել ջարդը, որի հետևանքով գավառի հայ բնակչության 97 %-ը կոտորվել է: Թուրքական զինվորական դատարանը 1919 թ. մահապատժի է դատապարտել Քեմալին, որի անմիջական ղեկավարությամբ և մասնակցությամբ սպանվել էր 30 հզ. հայ: Դատավարության ընթացքում վկայակոչվել են Յոզղատի հայերի զանգվածային ոչնչացման և նրանց նկատմամբ իրականացված վայրագությունների բազմաթիվ փաստեր:

Ս. Պողոսյան

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am