ՅՈԹՆԵՂԲԱՐՅԱՆ Մկրտիչ (մոտ 1880-ական թթ., Ուրֆա - 1915 թ., Ուրֆա) ազգային-ազատագրական շարժման գործիչ: ՀՀԴ կուսակցության անդամ: Ավարտել է ծննդավայրի դպրոցը: Աչքի է ընկել համարձակ, հավասարակշռված բնավորությամբ և ռազմական հմտությամբ, 1910 թ. կազմել է ինքնապաշտպանության ջոկատ, հայթայթել է զենք և զինամթերք: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, հայ ազգաբնակչության զանգվածային բռնագաղթի ու կոտորածի պայմաններում, Յոթնեղբարյանը մարտական պատրաստության մեջ է պահել իր ջոկատը: 1915 թ. մայիս-հունիսին Ուրֆա են հասել հայ աքսորականների առաջին կարավանները: Միաժամանակ թուրքական իշխանությունները ձերբակալել են քաղաքի հայ համայնքի ազդեցիկ ներկայացուցիչներին: Զգալով վերահաս վտանգը՝ Յոթնեղբարյանը առաջարկել է դիմել զինված ինքնապաշտպանության, սակայն քաղաքի հայ ավագանին մերժել է: Քաղաքի հայության կոտորածի տեղիք չտալու համար Յոթնեղբարյանը հեռացել է իր ջոկատով: Բայց օգոստոսի 19-ին իշխանությունները սկսել են հայերի ջարդը: Վերադառնալով՝ Յոթնեղբարյանը կազմակերպել է Ուրֆայի հայերի ինքնապաշտպանությունը (տե՛ս Ուրֆայի հերոսամարտ 1915 թ.), մարտում ցուցաբերել է մեծ արիություն: Ի վերջո թվով գերակշիռ թշնամուն հաջողվել է ճնշել թշնամու ձեռքը չընկնելու համար ինքնասպան է եղել:

Ռ. Օ. Սահակյան

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

  

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am