ՅՈՀԱՆՍՈՆ Ալմա (1880, Ստոկհոլմ - 1974, Ստոկհոլմ), շվեդ միսիոներուհի: Տակավին երիտասարդ նվիրվել է մարդասիրական-կրոնական գործունեության: 1901-1915-ին ծառայել է Արևմտյան Հայաստանում գտնվող գերմանական միսիոներական հաստատություններում և որբանոցներում: 1915-ի աշնանը հարկադրված վերադարձել է Շվեդիա: 1920-22-ին Կ. Պոլսում օգնել է ջարդերից ու տարագրությունից փրկված հայ որբերին ու կարոտյալներին: 1923-ին անցել է Սալոնիկ (Հունաստան), աշխատել շվեդական նպաստամատույց հաստատությունում, օգնել հայ գաղթականներին: 1941-ի վերջին, Հունաստանի ֆաշիստական օկուպացումից հետո, երբ անհնար էր շարունակել մարդասիրական գործունեությունը, Յոհանսոնը վերադարձել է Շվեդիա: Սակայն շարունակվել են սերտ հարաբերությունները հայերի հետ: Յոհանսոնը տիրապետել է հայերենին: Որպես հայոց եղեռնի ականատես, Յոհանսոնը գրել է երկու գրքույկ՝ «Աքսորյալ ժողովուրդ մը» (1930) և «Հայ աքսորականներու կյանքը» (1931), որոնք վկայում են հայերի տեղահանությունների և նրանց վրա գործադրված բռնությունների մասին:

 

 

U. Պետրոսյան

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am