ՅԱԿՈԲՍԵՆ Մարիա. ծնվել է 1882-ին, մահացել է 1960-ին: Դանիացի միսիոներուհի: Կրթությամբ՝ բժշկուհի: Հայաստանի և հայերի մասին առաջին անգամ լսել է 1895 թ. կոտորածների վերաբերյալ մի բանախոսության ժամանակ: 1907 թ. Ամերիկյան նպաստամատույց ընկերության միսիոներների հետ մեկնել է Կ. Պոլիս, այնտեղից էլ՝ Խարբերդ: Տեսնելով հայերի տառապանքն ու որբերի անմխիթար կացությունը՝ Յակոբսենը մյուս միսիոներների հետ (Կարեն Եփփե, Կարեն Փիթըրսոն, օրիորդ Բլեք, տիկին Կրունհակըն, Ջեսսի Հորդ և ուրիշներ) Խարբերդում, Մալաթիայում, Այնթապում և այլուր հիմնել է որբանոցներ ու հիվանդանոցներ: 1912-1914 թթ. բարեգործական առաքելությամբ եղել է Դանիայում: 1915 թ. նախօրեին վերադարձել է Խարբերդ, ականատես դարձել թուրքական խժդժություններին ու հայերի կոտորածներին: 1919 թ. վերադարձել է Դանիա: Երբ քեմալական կառավարությունը Թուրքիայից վտարել է բոլոր եվրոպական և ամերիկյան բարեգործական կազմակերպությունները, Յակոբսենը զրկվել է այնտեղ ողջ մնացած հայերին օգնելու հնարավորությունից և, գնալով Լիբանան, զբաղվել է որբահավաքությամբ: 1922 թ. Սայդայում բացել է «Թռչնոց բույնը» որբանոցը (որբուհիների համար): 1928 թ. որբանոցը փոխադրվել է Բեյրութի մերձակա Ջիբեյլի ավանը: Յակոբսենը, փրկելով, խնամելով ու հայեցի կրթելով հազարավոր որբ-որբուհիների, արժանացել է «Մամա» անվանը: Թողել է «Օրագրություն» հուշագրությունը (սկսվում է 1907 թ. սեպտեմբերի 7-ից և ավարտվում 1919 թ. օգոստոսի 6-ին), որը մի արժեքավոր վկայություն է թուրքական հայատյաց քաղաքականության մասին: «Օրագրությունը» թարգմանվել է հայերեն և հրատարակվել բնագրի հետ՝ մեկ ամբողջական հատորով, ուր զետեղված է նաև Յակոբսենի արխիվից վերցված 80 լուսանկար: Յակոբսենի անունով է կոչվում ՀՀ Իջևան քաղաքի մանկապարտեզներից մեկը:

 

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996 թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am