ԽՐԻՍԱՆԹՈՍ Ֆիլիպպիդիս (1882-1949 թթ.), հույն եկեղեցական և հասարակական-քաղաքական գործիչ: Սովորել է Շվեյցարիայում և Գերմանիայում: Աշխատել է Կ. Պոլսի հունական պատրիարքարանի դիվանում: 1913 թ. ընտրվել է Տրապիզոնի մետրոպոլիտ: 1915-1916 թ., Թուրքիայում հայերի կոտորածների ժամանակ, համարձակորեն հանդես է եկել հայերի պաշտպանությամբ: Հայ-հունական դաշինք ստեղծելու ջանքեր է գործադրել: Առաջին աշխարհամարտից հետո եղել է հունական պատվիրակությունների անդամ միջազգային կոնֆերանսներում, մասնավորապես՝ 1919-20 թթ.      Փարիզի հաշտության, 1920 թ. Սան Ռեմոյի կոնֆերանսներում: 1919 թ. հունական պատվիրակության կազմում Երևանում մասնակցել է Հայաստանի Հանրապետության հետ բանակցություններին՝ պատմական Պոնտոսի տարածքում հայ-հունական ֆեդերատիվ պետություն ստեղծելու հարցի շուրջ: Այդ քաղաքականության համար Անկարայի կառավարությունը Խրիսանթոսին դատապարտել է մահվան, սակայն խուսափել է պատժից՝ անցնելով Կ. Պոլիս, ապա՝ Հունաստան: Այնուհետև եղել է Աթենքի արքեպիսկոպոս, ընտրվել Աթենքի ակադեմիայի անդամ:

Խրիսանթոսը Պոնտոսի և պոնտական հույների պատմությանը նվիրված աշխատությունների հեղինակ է: «Տրապիզոնի եկեղեցու պատմությունը» (1933 թ.) ուսումնասիրության մեջ տալիս է Պոնտոսի և Փոքր Հայքի հայերի վերաբերյալ վիճակագրական արժեքավոր տվյալներ, որոնք վերաբերում են հայերի թվին, զբաղմունքին, դպրոցների և եկեղեցիների քանակին: Լինելով Տրապիզոնի հայերի կոտորածների ականատեսը՝ Խրիսանթոսը մանրամասն նկարագրել է Բեհաէդդին Շաքիրի չարագործությունները, տվել Տրապիզոնի հայերին տեղահանելու մասին 1915 թ. հունիսի 13-ի հրամանի հունական թարգմանության լուսապատճենը:

Հ. Բարթիկյան

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am