ԽՐԻՄՅԱՆ Մկրտիչ, Խրիմյան Հայրիկ, Մկրտիչ Ա Վանեցի (1820 թ., Վան – 1907 թ., Վաղարշապատ), հասարակական-քաղաքական, ազգային-ազատագրական շարժման գործիչ, Ամենայն հայոց կաթողիկոս: Սովորել է Վասպուրականի Լիմ և Կտուց անապատների հոգևոր դպրոցներում: 1842 թ.  հաստատվել է Կ. Պոլսում: 1848-50 թթ. ուսուցչություն է արել Կ. Պոլսի դպրոցներում: 1851 թ. Կ Պոլսի պատրիարքարանի հանձնարարությամբ մեկնել է Կիլիկիա, ուսումնասիրել տեղի հայության կյանքը, տեղագրել երկիրը, զեկուցագրեր ուղարկել պատրիարքարան, նպաստել կրթական գործի զարգացմանը: 1854-ին ընդունել է կուսակրոնություն և ձեռնադրվել վարդապետ: 1855 թ. հիմնադրել է «Արծվի Վասպուրական» հանդեսը: 1856 թ. վերադարձել է Վան, պատրիարքարանի հանձնարարությամբ ստանձնել Վարագավանքի վանահայրությունը, 1857 թ. այնտեղ հիմնադրել ժառանգավորաց վարժարան: Արևելահայ հասարական-քաղաքական գործիչների հետ կապեր հաստատելու մտադրությամբ, 1860 թ. այցելել է Թիֆլիս, Երևան, Էջմիածին, Արցախ: 1862 թ. նշանակվել է Տարոնի հոգևոր առաջնորդ և Ս. Կարապետ վանքի վանահայր: Ժողովրդանվեր գործունեության համար ժողովուրդը նրան արժանացրել է «Հայրիկ» պատվանվանը: 1868 թ. Էջմիածնում օծվել է եպիսկոպոս, 1869 թ. ընտրվել Կ. Պոլսի հայոց պատրիարք: 1872 թ. ապրիլին թուրքական կառավարությանն է ներկայացրել գավառահայության հարստահարությունների խնդիրը՝ տեղեկագիր-բողոքագրի ձևով: Վաստակելով կառավարող շրջանների անվստահությունը՝ 1873 թ. հրաժարական է տվել: 1878 թ. իբրև ազգային պատվիրակության ղեկավար այցելել է Իտալիա, Ֆրանսիա, Անգլիա՝ փորձելով ապահովել նրանց դիվանագիտական աջակցությունը Հայկական հարցի լուծմանը, մասնակցել է 1878-ի Բեռլինի կոնգրեսին: Հիսաթափվելով կոնգրեսի արդյունքներից՝ փոխել է իր դիրքորոշումը, ազգային-ազատագրական պայքարի կոչ արել, «Ժողովուրդ հայոց, անշուշտ լավ հասկցաք, թե զենքն ինչ կրնար գործել և կգործե: Ուրեմն, սիրելի և օրհնյալ հայաստանցիներ, գավառացիներ, երբ հայրենիք վերադառնալու լինիք, ձեր բարեկամաց և ազգականաց, իբրև պարգև, մեկ-մեկ զենք տարեք, զենք առեք և դարձյալ զենք: Ժողովուրդ, ամենեն առաջ քո ազատության հույսը քո վրա դիր, քո խելքին ու բազուկին ուժ տուր, մարդ ինքնիրմեն պետք է աշխատի, որ փրկվի...»:

1879 թ. ընտրվել է Վանի հոգևոր առաջնորդ: Սատարել է Վանի «Սև խա» և Կարինի «Պաշտպան հայրենյաց» ազգային-ազատագրական գաղտնի կազմակերպությունների ստեղծմանն ու գործունեությանը: 1884 թ. թուրքական կառավարությունը «անհանգիստ հոգևորականին» հետ է կանչել Կ. Պոլսից: Ազգային ժոդովը Խրիմյանի նախաձեռնությամբ 2 տեղեկագիր-բոդոքագիր է ներկայացրել թուրքական կառավարությանը՝ բողոքելով հայ գավառների օրըստօրե վատթարացող վիճակից: 1892 թ. մայիսին ընտրվել է Ամենայն հայոց կաթողիկոս (1893 թ. սեպտեմբերի 26-ին օծվել է Էջմիածնում): 1895 թ. մեկնել է Պետերբուրգ, ներկայացել Նիկոլայ II ցարին՝ Արևմտյան Հայաստանում խոստացված բարենորոգումների իրականացման խնդրագրով: 1894-96 թթ. արևմտահայերի ջարդերի ժամանակ անդուլ աշխատանք է տարել՝ նյութապես օգնել գաղթականներին, պայմաններ ստեղծել հայրենի Երկիր վերադառնալու համար, որին սպառնում էր բնիկ հայ ժողովրդից դատարկվելու վտանգը: Եռանդուն պայքար է մղել ցարական կառավարության՝ 1903-ի հունիսի 12-ի հայ եկեղեցու ունեցվածքը բռնագրավելու մասին օրենքի իրագործման դեմ՝ արգելելով եկեղեցական թեմերին ենթարկվել այդ օրենքին:

Խրիմյանը հեղինակ է կրոնաբարոյախոսական, հրապարակախոսական, փիլիսոփայական, ազգագրական և այլ բնույթի բազմաթիվ աշխատությունների: Նրա արձակ և չափածո երկերում արտացոլվել են հայ ժողովրդի ծանր կացությունը, նրա կրած տառապանքները, պայքարի անկոտրում ոգին, հույսն ու հավատը լավ ապագայի նկատմամբ:

Է. Կոստանդյան

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

 

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am