Հանրագիտարան >> Հայոց ցեղասպանության հանրագիտարան >> Խոտորջուրի ինքնապաշտպանություն 1918թ.

 ԽՈՏՈՐՋՈՒՐԻ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ 1918, ինքնապաշտպանական մարտեր թուրքական նվաճողների դեմ հունվար-մայիս ամիսներին, Էրզրումի (Կարին) Խոտորջուր գավառակում: 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ բռնի գաղթեցվել է նաև Խոտորջուրի բնակչությունը: Մեծ մասը զոհվել է աքսորի ճանապարհին: 1916-ի փետրվարին ռուսական զորքերը ազատագրել են Խոտորջուր գավառակը, և փրկվածները սկսել են վերադառնալ իրենց գյուղերը: 1918-ի սկզբին, երբ ռուսական զորքերը հեռացել էին Արևմտյան Հայաստանից, թուրք զորքերը, խախտելով Երզնկայի զինադադարը, վերագրավել են ռուսների ազատագրած հայկական գավառները: Թուրքական զորքերին դիմադրելու և Խոտորջուրի ղեկավարելու համար ընտրրվել է Զինվորական խորհուրդ՝ Օգոստինոս Սչանյանի գլխավորությամբ (անդամներ՝ Վ. Բագրատյան, Հ. Պալջյան, Ք. Ամիրզյան, Վ, Տեր-Պողոսյան, Կ. Պապյան և ուրիշներ): Ինքնապաշտպանական կռիվներին մասնակցել են նաև գավառների խոշոր գյուղերի բնակիչները: 1918-ի հունվարի 20-ին թուրքական զորքերի ձեռնարկած առաջին հարձակումը տևել է 4 օր: Հատկապես կատաղի մարտեր են մղվել Խանդաձորի Կլախինց թաղում, որտեղ թշնամին պարտություն է կրել և նահանջել: Հետագայում ինքնապաշտպանության կենտրոնը տեղափոխվել է բնական ամուր դիրք ունեցող Վերին Մոխուրկուտ գյուղը: Թուրքական զորքը գործի է դրել հրետանին, որը սակայն, պաշարվածները կարողացել են ոչնչացնել: Չնայած հերոսական և անձնազոհ պաշտպանությանը, խոտորջուրցիների ուժերը գնալով սպառվել են, բազմամթերքը՝ նվազել: Խոտորջուրի ինքնապաշտպանությունը թուրքական գերազանց ուժերի դեմ շարունակվել է մինչև մայիս, Կարսի անկումը: Օգնության ոչ մի հույս չունենալով՝ Զինվորական խորհուրդը որոշել է հեռանալ փոքր խմբերով: Փրկված խոտորջուրցիները անցել են Արևելյան Հայաստան, Թիֆլիս, Աբխազիա, մի մասը ՝ Իրան, Իտալիա, ԱՄՆ :

 
 
 

                                                                                         Վ.Հովհաննիսյան 

 Թ.Գևորգյան

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան, 1996թ.:

Հովհաննիսյան Վ. , «Խոտորջրի 1918թ. հերոսամարտը», ՊԲՀ , 1966 , N 1: 

 

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am