ԽՈՐԵՆԻ ՎԱՀԱՆ (Տեր-Գևորգյան) [1884 թ., գ. Բռնակոթ (Սյունիքում) – 1920 թ., Գորիս), հասարակական-քաղաքական գործիչ: ՀՀԴ կուսակցության անդամ: Ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը, սովորել է Հալլեի (Գերմանիա) համալսարանի բժշկական բաժնում, 1913 թ. ավարտել Լայպցիգի համալսարանի պատմափիլիսոփայական բաժինը՝ ստանալով դոկտորի գիտական աստիճան: Դասավանդել է Թիֆլիսի Գայանյան և Ներսիսյան դպրոցներում: Խմբագրել է «Աշխատավոր» (Թիֆլիս), «Հայաստանի աշխատավոր» (Երևան) թերթերը, որտեղ տպագրվել է նրա «Հայրենի նամակներ» հոդվածաշարը: Խորենի Վահանը բարձր է գնահատել հայ աշխատավորությանը՝ նրան համարելով «արևելյան ինտերնացիոնալի» առաջապահը, մեծ դեր է հատկացրել ՀՀԴ կուսակցությանը Արևելքի հեղափոխության մեջ: Ազատագրության գործում կողմնակից էր սեփական ուժերին ապավինելուն, դեմ էր բոլշևիկյան արևելյան քաղաքականությանը: 1919 թ. ընտրվել է Հայաստանի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր: Լինելով հայ պետականության ջատագով՝ նախաձեռնել է Հայաստանում պետական և հասարակական կյանքի ազգայնացման ծրագիրն ու գործը: 1920 թ. օգոստոսին, կառավարության հանձնարարությամբ, մեկնել է Զանգեզուր՝ հնարավոր քաղաքացիական կռիվները կանխելու համար: Դավադրաբար ձերբակալվել է և Գորիսի բանտում (13 այլ դաշնակցականների հետ) սպանվել:

Ե. Գասպարյան

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am