ԽՆՈՒՍ, Խնունիս, գավառ և քաղաք Արևմտյան Հայաստանի Էրզրումի նահանգում, Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի Հարք գավառում, Արածանիի աջակողմյան Խնուս վտակի ավազանում:

Խնուս գավառը XVI դ. 2-րդ կեսին ընկել է թուրքական տիրապետության տակ և կազմել Էրզրումի էլայեթի Խնուս գավառը (համանուն կենտրոնով): XVI-XVIII դդ. հարավից և Բյուրակնյան (Բինգյոլ) լեռներից քրդական ցեղերի, Հյուսիսային Կովկասից լեզգիների ներհոսքից հետո Խնուս գավառը վերածվել է կիսանկախ իշխանության  (հյուքյումեթություն)՝ ենթարկվելով Բայազետի փաշային: XVIII դ. 70-ական թթ. Խնուսի և Մանազկերտի բեյերի միջև արյունալի բախումների հետևանքով բազմաթիվ հայկական գյուղեր հիմնահատակ ավերվել են: Այնուամենայնիվ, XIX դ. սկզբին գավառն ուներ 58 հայկական գյուղ՝ 21 հզ. հայ բնակչությամբ: 1829թ-ի ամռանը Խնուսը գրաված ռուսական զորքերը գավառը վերադարձրել են Օսմանյան կայսրությանը, որից հետո հազարավոր հայեր, քրդերի և թուրքերի վրեժխնդրությունից խուսափելով, արտագաղթել են Անդրկովկաս: Արտագաղթից հատկապես խիստ տուժած Թեքման նահեին (գավառի հյուսիսում) բնակեցվել է քրդերով: 1860-ական թթ. այնտեղ հայտնվել են հյուսիսկովկասյան գաղթականներ: Արտագաղթը շարունակվել է նաև դարի 2-րդ կեսին: 1881թ-ի կեսին Խնուս բերդաքաղաքում կար 947 հայ բնակիչ: 1895թ-ի աշնանը Խնուսի մի շարք գյուղեր ենթարկվել են կոտորածների: XX դ. սկզբին գավառի 33 հայաբնակ բնակավայրեր ունեին 19 հզ., 1914թ-ին՝ 24.5 հզ. բնակիչ: Խնուս քաղաքի 900 տուն բնակիչներից 325-ը (2163 մարդ) հայեր էին: Մեծ եղեռնի ժամանակ, 1915թ-ի մարտին, Խնուսում և գյուղերում ձերբակալվել, Էրզրում և Կեսարիա են աքսորվել 25 հայ մտավորականներ: Մայիսի սկզբին ռուսական զորքերը, գրավելով Բուլանըխըքրդական ջոկատներին հարկադրել են նահանջել Խնուս, որտեղ նրանք մինչև մայիսի 20-ը ասպատակել են Սայլու (Սարչու), Կարաչոբան, Դուման, Մժնկերտ, Քաղքիկ և այլ հայկական գյուղեր: Հատկապես արյունալի դեպքեր են տեղի ուենեցել մայիսի 19-ին: Ինքնապաշտպանության դիմած հայերին որոշ վայրերում աջակցել են խնուսցի թուրքերը, որից անհանգստացած՝ իշխանությունները շուտով ձերբակալել են հայերին, զինաթափել թուրքերին: Մայիսի վերջին ձերբակալաված 600 հայեր ևս աքսորվել ու ոչնչացվել են Էրզրումի ճանապարհին: Մայիսի 20-ին սկսվել է գավառի 37 հայկական գյուղերի տեղահանությունը: 1700 տուն խնուսցիներից բաղկացած քարավանը տարվել է Գում-գում և Վարդո: Հունիսի 11-ին  Բասկանի մոտ ՝ Քըռու չատ կիրճում նրանց մեծ մասը, այդ թվում՝ 27 նորածիններ, գնդակահարվել են: Փախուստի դիմած կանանց մի քանի օր անց ձերբակալել են և Գունդեմիրի ոստիկանապետ Միրզա Ալիի կարգադրությամբ ջրահեղձ արել Ամարակ լճում: 1916թ-ի փետրվարի սկզբին, ռուսական զորքերի կողմից Խնուսի գրավումից առաջ, նահանջող թուրք և քուրդ զինվորականները սրի են մատնել քաղաքում մնացած տասնյակ հայերի (փրկվել է ընդամենը 6 մարդ ): Խնուսի 27 հայկական գյուղերի 3322 հայ տներից փրկվել են Կոպալ, Գովանդուկ, Կարաչոբան, Խրըմխայա գյուղերի 128 բնակիչներ: 1916-1917թթ-ին միացել են Անդրանիկի ջոկատին և աչքի ընկել Զանգեզուրում 1918թ-ին մղված մարտերում: Այժմ Խնուս գավառը (հիմնականում քրդաբնակ) մտնում է Էրզրումի  իլի կազմի մեջ:

 

 

 Ա. Մելքոնյան


Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան, 1996թ.

Մելիքյան Ե. , «Հարք-Խնուս, Բեյրութ» , 1964:

«Հուշամատյան Մեծ եղեռնի», Բեյրութ, 1965:

Բարբի Հ. , «Սարսափի երկրին մեջ», ԿՊ , 1919:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am