ԽԻԶԱՆ, Հիզան, գավառակ Արևմտյան Հայաստանի Բիթլիսի նահանգի համանուն գավառում, Կեցան գետի միջին հոսանքի աջափնյա (բուն Խիզան) և ձախափնյա (Շենաձոր) ձորահովիտներում: Խիզանի տարածքը մտել է Մեծ Հայքի Մոկք նահանգի մեջ:

XVI դ. կեսին Խիզանը ընկել է թուրքական տիրապետության տակ, մտցվել նախ Վանի (մինչև XIX դ. 70-ական թթ. վերջը), այնուհետև՝ Դիարբեքիրի, 1880-ից՝ Բիթլիսի նահանգների կազմի մեջ: Միջին դարերում եղել է գրեթե զուտ հայաբնակ, ստվար բնակչությամբ գավառ՝ համանուն կենտրոնով: Խիզանում գործել են հայ գրչության և մշակույթի մի շարք կենտրոններ, որոնցից նշանավոր էին Ս. Խաչ (Ս. Տիկնանց), Բարեձորո (Յոթն խորան), Ս. Գամաղիել վանքերը: XVI-XVII դդ. թուրք-պարսկական երկարատև պատերազմները, քրդական ցեղերի խուժումը, մեծ թվով հայերի արտագաղթը զգալիորեն փոխել են գավառի էթնիկական դիմագիծը, սակայն մինչև XVI դ. 70-ական թթ. վերջը հայերն այնտեղ մեծամասնություն են կազմել: Բազմաթիվ հայ ընտանիքներ գավառից հեռացել են 1880-ական թթ. սովի ժամանակ: Հայերի թիվը նվազել է հատկապես 1894-96-ի հայկական կոտորածների հետևանքով: XX դ. սկզբին Խիզան գավառակի շուրջ 30 հայաբնակ գյուղերն ունեցել են ավելի քան 4 հզ. բնակիչ: Հայաշատ էին Անդենց, Բրունց, Դարոնց, Խակև, Խարխոց, Կարասու (Վերին և Ստորին), Շեն, Տի գյուղերը: Հայկական անվանումները պահպանել էին քրդաբնակ շատ գյուղեր: Հայերն զբաղվում էին երկրագործությամբ, գինեգործությամբ, ծխախոտագործությամբ, մեղվաբուծությամբ, մասամբ՝ դարբնությամբ (Շենաձորում):

Խիզանի հայերը կոտորվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ: Փրկվածներն ապաստանել են Արևելյան Հայաստանում:

Գ. Բադալյան

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

  

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am