ԽԵՆԹ (Տեր-Պողոսյան Սամսոն Պողոսի) [1846 թ., գ. Ղարաջորան (այժմ՝ գ. Արագյուղ ՀՀ Նաիրիի շրջանում) – 1911 թթ.], 1877-78-ի ռուս-թուրքական պատերազմի հերոս: Սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում: 1877-1878-ի ռուս-թուրքական պատերազմի ժամանակ կամավոր մտել է ռուսական բանակ, մասնակցել գեներալ Ա. Տեր-Ղուկասովի գլխավորած Երևանյան ջոկատի ռազմական գործողություններին: 1877-ի հունիսին, երբ թուրքական զորքերը շրջապատել են Բայազետի բերդը, քրդական տարազով ծպտված Խենթը (լավ տիրապետել է քրդերենին), ձևանալով խենթ, գիշերով դուրս է եկել թշնամու օղակից և ռուսական հրամանատարությանը տեղեկացրել բերդի վիճակի մասին: Օգնության եկած ուժերը հունիսի 28-ին ազատագրել են Բայազետը և փրկել բերդի կայազորը: Այդ սխրագործության համար Խենթին շնորհվել է սպայական կոչում և Գեորգիևյան ոսկե խաչ: Պատերազմից հետո աշխատել է պետական հիմնարկներում: XIX դ. 80-90-ական թթ. իր հեծյալ խմբով մասնակցել է Արարատյան դաշտը և շրջակայքը ասպատակող քրդական հրոսակախմբերի դեմ կռիվներին: Խենթը Րաֆֆու «Խենթը» վեպի գլխավոր հերոս Վարդանի նախատիպն է: «Բայազետ» վեպում նրա կերպարին անդրադարձել է նաև ռուս գրող Վ. Պիկուլը: Խենթը թաղված է Էջմիածնում, Ս. Գայանե եկեղեցու բակում:

 

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am