ԽԱՏԻՍՅԱՆ Ալեքսանդր Հովհաննեսի(Իվանի) (1876 թ., Թիֆլիս – 1945 թ., Փարիզ), հասարակական-քաղաքական գործիչ: ՀՀԴ կուսակցության անդամ: Ավարտել է Թիֆլիսի պետական գիմնազիան, սովորել Մոսկվայի ու Խարկովի համալսարաններում, ապա Գերմանիայում: Մասնագիտությամբ (բժիշկ) չի աշխատել: 1902-ին ընտրվել է Թիֆլիսի քաղխորհրդի անդամ, 1906-ին՝ Թիֆլիսի քաղաքագլխի օգնական, 1909-17-ին՝ Կովկասյան քաղաքների միության նախագահ [1910-17-ին, միաժամանակ՝ Թիֆլիսի քաղաքագլուխ, 1915-17-ին՝ հայոց Ազգային բյուրոյի (Թիֆլիս) նախագահ): 1917-ին տեղափոխվել է Հայաստան, ընտրվել Ալեքսանդրապոլի քաղաքագլուխ, 1918-ին՝ Անդրկովկասյան սեյմում ֆինանսների նախարար: Մասնակցել է Տրապիզոնի և Բաթումի հաշտության բանակցություններին (տե՛ս Տրապիզոնի բանակցություններ 1918 թ., Բաթումի պայմանագիր 1918 թ.): 1918-ի նոյեմբերից՝ Հայաստանի Հանրապետության (1918-20 թթ.) արտաքին գործերի նախարար, 1919-ի ապրիլից 1920-ի մայիսը՝ վարչապետ: 1920-ի դեկտեմբերի 2-ին ստորագրել է Ալեքսանդրապոլի պայմանագիրը: Հայաստանում խորհրդային իշխանություն հաստատվելուց հետո՝ վտարանդի: Ապրել է Փարիզում, շարունակել քաղաքական գործունեությունը (Ազգային պատվիրակության անդամ էր 1922-23-ի Լոզանի կոնֆերանսում): Գրել է «Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը» (1930 թ.) հուշագրությունը:

 

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

  

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am