ԽԱՐԲԵՐԴԻ ՆԱՀԱՆԳ, Խարփութի վիլայեթ (1867-ից՝ Մամուրեթ ուլ Ազիզի նահանգ), օսմանյան վարչական միավոր Արևմտյան Հայաստանի տարածքում: Կազմվել է 1847-ին՝ Դիարբեքիրի, Սեբաստիայի և Մարաշի Էյալեթներից առանձնացված շրջաններից: Կազմավորումը վերջնականապես ավարտվել է 1888-ին՝ Դերսիմի միացումով: Կենտրոնը մինչև 1867-ը՝ Խարբերդ, ապա՝ Մեզիրե (Մամուրեթ ուլ Ազիզ): XX դ. սկզբին ուներ 37.800 կմ² տարածություն և բաղկացած էր 3 գավառից Դերսիմ (Խոզաթ, Կզըլքիլիսե, Մեծկերտ, Չարսանջակ, Չմշկածագ, Օվաջըկ գավառակներով), Մամուրեթ ուլ Ազիզ (Ակն, Արաբկիր, Խարբերդ, Կապան-Մադեն, Փութուրկե գավառակներով), Մալաթիա (Աղջադաղ, Բեհեսնի, Ադըյաման, Քյախթա գավառակներով):

Օսմանյան տիրապետությունը ծանր հետևանքներ է ունեցել Խարբերդի նահանգի հայ բնակչության համար: Դեռևս XVI-XVIII դդ. ազգային և կրոնական հալածանքների հետևանքով Ակնում, Արաբկիրում, Դերսիմում հազարավոր հայեր բռնի մահմեդականացվել են (XX դ. արդեն կորցրել էին ազգային ինքնությունը), 1894-86-ի կոտորածների ժամանակ զոհվել են միայն Ակնում՝ 4000, Արաբկիրում՝ 2800, Մալաթիայում՝ 3000 մարդ: Հիմնահատակ կործանվել են հարյուրավոր բնակավայրեր, որոնց մի մասը լիովին հայազրկվել է (մասնավորապես՝ Մալաթիայի գավառում): Այս ամենի հետևանքով Խարբերդի նահանգում, Կ. Պոլսի պատրիարքարանի տվյալներով, 1912-ին հայերի թիվը կազմում էր 204 hq. մարդ 1880-ական թթ. 270 hq-ի փոխարեն (ողջ բնակչության ընդամենը 35,4 %-ը):

Մեծ եղեռնի տարիներին նահանգի հայերը բռնությամբ տեղահանվել են և վայրագորեն բնաջնջվել: 1921-ին այնտեղ մնացած հազիվ 35 հզ. հայերը հետագայում, չդիմանալով կրկնվող հալածանքներին, մեծ մասամբ լքել են իրենց բնօրրանը:

Գ. Բադալյան

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

  

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am