ԽԱՐԲԵՐԴ, Քարբերդ, Հորեբերդ, բերդաքաղաք Մեծ Հայքի Ծոփք նահանգի Անձիտ գավառում` Խարբերդի դաշտում, Արածանիի ձախ ափին ձգվող սարահարթում: Ենթադրաբար նույնացվել է Ստրաբոնի հիշատակած Կարկաթիակերտին:

Խարբերդի տարածքում պեղվել են Ք. ա. XX-XVIII դդ. դամբարաններ: Խարբերդի բերդը հիմնվել է Արարատյան թագավորության ժամանակաշրջանում, Ք. ա. IX-VIII դդ.: Հայ իշխան Փիլարտոս Վարաժնունին Մանազկերտի ճակատամարտում (1071թ.)  բյուզանդական զորքի պարտությունից հետո Խարբերդը միավորել է  իր ստեղծած իշխանապետությանը: Այնուհետև Խարբերդը տիրել են զանազան հրոսակներ: 1507թ-ին քաղաքը կողոպտել և ավերածությունների են ենթարկել պարսից շահ Իսմայիլի զորքերը: 1515թ-ին Խարբերդը զավթել է օսմանյան սուլթան Սելիմ I-ը: XVI դ. վերջին թուրքական տիրապետության հետևանքով քաղաքն անկում է ապրել, ավելի քան մեկ տասնամյակ տևած սովի զոհ են դարձել շատ խարբերդցիներ, իսկ ողջ մնացածների զգալի մասը հեռացել է: 1617թ-ին Չոփան օղլի բեկը Խարբերդը կործանել է, բնակիչներին (հիմնականում ՝ հայեր) սրի քաշել: Հետագայում վերաշինված Խարբերդը XVIII դ. մտցվել է Սեբաստիայի, 1834թ-ին՝ Դիարբեքիրի, 1847-ին՝ համանուն նահանգների մեջ  (մինչև 1867-ը՝ Խարբերդի նահանգի վարչական կենտրոն): Շրջակա գավառներից հայերի ներհոսքի  շնորհիվ Խարբերդը ծաղկում է ապրել, դարձել մարդաշատ քաղաք (1800թ-ին՝ 8 հզ., 1850թ-ին  6 հզ. տուն բն.): Ունեցել է Սինամուտ (քաղաքի հարավ-արևելքում, երկու ձորի մեջ ), Ս. Ստեփանոս և Ս. Կարապետ (ասորիների), Վերի (կոչվել է նաև Ս. Հակոբի կամ Միսիոներների թաղ, որովհետև այնտեղ են գտնվել Ս.Հակոբ եկեղեցին և Եփրատ քոլեջը) թաղամասերը: Խարբերդիի նշանավոր ճարտարապետական հուշարձանը և խոշորագույն կառույցը ՝ լեռան վրա կառուցված բերդը, թուրք բարբարոսները XIX դ. վերջին-XX դ. սկզբին քանդել են ՝ քարերն օգտագործելով Մեզիրեում կառավարական շենքեր կառուցելու համար:

Խարբերդի հայերը հռչակվել են` որպես հմուտ դերձակներ, կոշկակարներ, դարբիններ, թիթեղագործներ, հյուսներ, կտավագործներ, գորգագործներ, կաշեգործներ, ոսկերիչներ, զինագործներ: Վաճառականները XIX դ.  վերջից առևտրական կապեր են ունեցել Ռուսաստանի, Պարսկաստանի, Ֆրանսիայի, Անգլիայի, Ամերիկայի հետ: Տեղական հումքի հիման վրա ստեղծվել են արդյունաբերական ձեռնարկություններ:

     Ազգային-մշակութային կյանքում Խարբերդի դերը բարձրացել է XIX դ.  (1880թ-ին այն հիշատակվում է որպես «գավառի Աթենք»): Համազգային ճանաչում է ունեցել 1859-1915թթ-ին գործած  Աստվածաբանական ճեմարանը, Եփրատ քոլեջը, Խարբերդի ազգային կենտրոնական վարժարանը, Հռիփսիմյանց օրիորդաց վարժարանը, 1865թ-ին հիմնված կրթամշակութ. «Սմբատյան ընկերության» արական և օրիորդաց վարժարանը: 1880-ական թթ. Խարբերդում բեմադրվել է առաջին ներկայացումը («Քաջն Վարդան»): 1889թ-ին հայերը Խարբերդում հիմնադրել են տպարան, 1909թ-ին հրատարակել «Եփրատ» թերթը: 1908թ-ից գործել է Խարբերդի հայ կանանց «Արաքս» ընկերությունը: Հայերի կյանքի և գույքի անապահովության հետևանքով ծայր առած արտագաղթը (նախապես Կանադա և ԱՄՆ) ուժեղացել է 1895-96թթ-ի հայկական կոտորածներից հետո: Այնուհանդերձ, 1914թ-ին Խարբերդն ունեցել է մոտ 10 հզ. հայ բնակչություն (բնակչության կեսից ավելին ): 

1915թ-ի հունվարին թուրքական իշխանությունները հայերից բռնագրավել են այն ամենը, ինչ կարելի էր օգտագործել որպես զենք (նույնիսկ կացիններ, դանակներ և այլն), այնուհետև փակել հայկական դպրոցները, ձերբակալել հարյուրավոր հասարակական գործիչների, մտավորականների, երիտասարդներին քշել բանակ, կազմակերպել հայերի գույքի համատարած թալան և կողոպուտ: 

1915թ-ի հուլիսին անմիջականորեն գործադրվել է հայերի ցեղասպանությունը: Խարբերդի հայերը երկու քարավանով բռնագաղթեցվել են Դեյր էզ Զոր  և ոչնչացվել անապատներում: Խարբերդի բանտում հրո ճարակ են դարձել հայ համայնքի երևելի դեմքերը: Միսիոներական որբանոցներում փրկված հայ երեխաները ծննդավայրից հեռացվել են 1922թ-ի հոկտեմբերին:

 

Ս. Սիմոնյան

 

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան, 1996թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am