ԽԱՐԱԽԱՆՅԱՆ Ներսես եպիսկոպոս (աշխարհիկ անունը՝ Հմայակ) [1850 թ., գ. Ավրան (Մշո դաշտում) - 12.4.1915, Մուշ], հոգևորական, ազգային-ագատագրական շարժման գործիչ: Սովորել է Մուշի Ս. Կարապետ վանքի ժառանգավորաց վարժարանում: 1874-ին ձեռնադրվել է կուսակրոն քահանա, ապա ստացել ծայրագույն վարդապետի աստիճան: 1880-ին՝ Քըղիի առաջնորդ: Ժողովրդին քարոզել է ինքնապաշտպանություն: Կապված լինելով ազգային-ազատագրական շարժման գործիչների (Արաբո, Մարգար վարժապետ և ուրիշներ) հետ՝ օժանդակել է նրանց գործունեությանը: 1887-ին ընտրվել է Ս. Կարապետի վանահայր և Տարոնի առաջնորդ: 1890-ին հանդիպել է Արևմտյան Հայաստան մեկնող երիտասարդ գործիչների (Թիֆլիսի «Երիտասարդ Հայաստան» կազմակերպության, Մոսկվայի ուսանողության ներկայացուցիչների) հետ, օգնել և խորհուրդներ տվել նրանց: 1893-ին ձերբակալվել է, երկու և կես տարի արգելափակվել Բաղեշի (Բիթլիս) բանտում: Ազատվել է Կ. Պոլսի պատրիարքի միջնորդությամբ: 1896-ին, սակայն, աքսորվել է Երուսաղեմ (այստեղ էր աքսորված նաև Մ. Իզմիրլյան պատրիարքը): Երիտթուրքական հեղաշրջումից (1908 թ.) հետո վերադարձել է Տարոն: 1908-ին ձեռնադրվել է եպիսկոպոս: Մահացել է Մեծ եղեռնից մի քանի օր առաջ:

Գ. Խուդինյան

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

  

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am