ԽԱՆԱԶԱՏ, Խան-Ազատ, Ռուբեն (Կարապետյան Նշան) (1862 թ., Երևան – 1929 թ., Իրան), ազգային-ազատագրական շարժման գործիչ, հնչակյան կուսակցության հիմնադիրներից և ղեկավարներից: Թիֆլիսում ռեալական դպրոցն ավարտելուց հետո սովորել է Ժնևի համալսարանում: 1889-90-ին Թուրքիայում հիմնել է Հնչակյան կազմակերպություններ, եղել 1890-ի Գում Գափուի ցույցի ոգեշնչողներից: Թիֆլիսում փորձել է միավորել հնչակյան և դաշնակցություն կուսակցությունները «Հայ հեղափոխականների դաշնակցության» մեջ: Կողմնակից էր այլազգի քաղաքական կազմակերպությունների հետ համագործակցության, 1891-ին Աթենքում նախաձեռնել է հնչակյան կուսակցության և հույն հայրենասերների «Արևելյան միության» դաշինքի ստեղծմանը: 1893-95-ին ԱՄՆ-ում, հայերի շրջանում, տարածել է հնչակյան գաղափարներ և նպաստել հնչակյան կազմակերպությունների ստեղծմանը: 1895-ին վերադարձել է Ռուսաստան, մասնակցել Զեյթունում նախապատրաստվող ապստամբության համար միջոցների հավաքմանը, ինչի համար ցարական իշխանությունները նրան ձերբակալել են ու բանտարկել: 1896-ին, հիվանդության պատճառով բանտից ազատվել է և ուղարկվել աքսոր: 1901- ին, ժամկետը լրանալուց հետո, անցել է արտասահման: Բանտային տարիներին վերանայել է հնչակյան կուսակցության քաղաքական գիծը: Հուսախաբ լինելով եվրոպական տերություններից և Ռուսաստանից՝ Արևմտյան Հայաստանին օգնություն չկազմակերպելու, 1894-96-ի հայերի ջարդերը չդատապարտելու համար, չհավատալով հայկական ազատագրական ուժերի միավորման հնարավորությանը՝ Խանազատը հանգել է Արևմտյան Հայաստանում ազատագրական շարժման անհեռանկարայնության գաղափարին: 1905-ին Փարիզում կայացած հնչակյան կուսակցության համագումարում այդ տեսակետը մերժվել է, և Խանազատը հեռացել է քաղաքական գործունեությունից: Գրել է հուշեր՝ «Հայ հեղափոխականի հիշողություններ»Հայրենիք» ամսագիր, Բոստոն, 1927-29 թթ.):

Ռ. Խուրշուդյան

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

  

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am