ԽԱՆԱՍՈՐԻ ԱՐՇԱՎԱՆՔ 1897 Թ., կազմակերպվել է հուլիսի 25-ին, դավաճանության զոհ դարձած հայ ֆիդայիների համար քրդական մազրիկ ցեղից վրեժ լուծելու նպատակով: Արշավանքի գաղափարը հղացել է Նիկոլ Դումանը և արժանացել Ք. Միքայելյանի հավանությանը: Դաշնակցության Կովկասյան շրջանային ժողովը հաստատել է ծրագիրը, որը իրականացրել է ՀՀԴ Արևելյան բյուրոն: Կազմվել է զինված արշավախումբ (շուրջ 275 մարդ), որը բաժանվել է հարյուրակների, հիսնյակների և տասնյակների: Ընդհանուր հրամանատար է նշանակվել Վարդանը, օգնական՝ Հ. Արղությանը (Իշխան), հարյուրապետներ՝ Մոկացի Մանուկը և Էրզրումցի Արամայիսը, հիսնապետ՝ Նիկոլ Դումանը, հեծելախմբի հրամանատար՝ Սևքարեցի Սաքոն:

Գաղտնի շարժվելով՝ արշավախումբը Սալմաստից բարձրացել է պարսկա-թուրքական սահմանի Արաուլ լեռը, այնտեղից անակնկալ հարձակվել լեռան ստորոտում՝ Խանասորի դաշտում գտնվող քրդական մազրիկ ցեղի վրա, կոտորել և նահանջել: Ցեղի առաջնորդ Շարաֆ բեկը փախել է: Նիկոլ Դումանի հրամանով խնայել են միայն կանանց և երեխաներին:

Մազրիկ ցեղի վերացմամբ հնարավոր են դարձել զենքի հաջող առաքումները Սալմաստ-Վասպուրական-Տարոն ուղղությամբ: Խանասորի արշավանքի մասնակիցները (հայտնի են «խանասորյան սերունդ» անվամբ) հետագայում էլ շարունակել են իրենց ազգային-ազատագրական գործունեությունը:

Ա. Ներսիսյան

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

  

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am