ԽԱԼԻԼ (Halil), Հալիլ փաշա Քութ (1882-1957 թթ.), թուրք զինվորական գործիչ, գեներալ: Էնվերի հորեղբայրը: 1914-ին եղել է «Թեշքիլաթ-ը մահսուսեի» ղեկավարը: 1916-18-ին՝ 6-րդ բանակի հրամանատար (Միջագետքում): Լինելով «Մեծ Թուրանի» ցնորամիտ գաղափարի ջատագով՝ փորձել է այդ գաղափարն իրականացնել թյուրքալեզու ցեղերով բնակեցված տարածքները նվաճելով և հայ ժողովրդին (որպես խոչընդոտ) ոչնչացնելով: 1918-ի մարտին Էնվերի եղբայր Նուրի փաշայի հետ Ատրպատականում բանակցել է մուսավաթականների հետ. որոշվել է, որ մուսավաթականները աջակցեն թուրքական բանակին՝ գրավել Առանը (այժմյան Ադրբեջանի տարածքը): 1918-ի մայիսի 15-ին Խալիլի զորքերը զավթել են Ալեքսանդրապոլը, այնուհետև Ատրպատականով արշավել Բաքու և, գրավելով (1918-ի սեպտեմբերին), կոտորել տեղի հայերին (շուրջ 30 հզ. մարդ): 1920-ի մարտին Խալիլը, Նուրի փաշան և մուսավաթականները հրդեհել են հայկական Շուշի քաղաքը (Ղարաբաղում), կոտորել հայ բնակչության մեծ մասին (35 հզ. մարդ):   

Մ. Բոջոլյան

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

 

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am