ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ Մարգիս Կարապետի (1886 թ., Մալաթիա-1947 թ., Փարիզ), նկարիչ: Մասնագիտական կրթությունն ստացել է Հռոմի գեղարվեստի ինստիտուտում (1908- 1911 թթ.) և Փարիզի դեկորատիվ արվեստների դպրոցում (1912-14 թթ.): Ականատեսն է Մեծ եղեռնի արհավիրքների, հարազատ ժողովրդի ողբերգության, որը և դարձել է Խաչատուրյանի ստեղծագործության հիմնական թեման: Հայ ժողովրդի մարտիրոսությանը նկարիչն անդրադարձել է դեռևս մինչև 1911-ը վրձնած «Վրեժը», «Հայուհին», «Ես և մահը» պատկերներում: Օսմանյան «հեղափոխության» կապակցությամբ հայերի մի մասի ունեցած պատրանքներն իրենց դրսևորումն են գտել «Մարտի 31-ի հեղափոխության արդյունքը» կտավում: Սակայն Կիլիկիայում և այլուր սկսված հայական կոտորածներն ի չիք դարձրին մի շարք հայ մտավորականների, այդ թվում նաև նկարչի ակնկալած հույսերը երիտթուրքերի իշխանությունից: Խաչատուրյանի արվեստում հատուկ տեղ է գրավում հայ գաղթականության թեման: Արվեստագետը պատկերել է Երևանի, Էջմիածնի եկեղեցիների բակերում, կայարաններում տառապող, թշվառության հասած արևմտահայ փախստականներին, հայ որբերին և որդեկորույս կանանցՀայ որբ մը Կարինի սալահատակներուն վրա» (1913 թ.), «Հայ գաղթականները» (1921 թ.) ևն]:

1920-ական թթ. Խաչատուրյանը Եվրոպայի տարբեր երկրներում և ԱՄՆ-ում ցուցադրել է «Վանքի պահապանը» («Շատախցի հայը»), «Վերջին աղոթողները», «Տանջանքը», «Սասունցի կինը» և այլ ստեղծագործություններ, որոնք արժանացել են Յո. Ստրժիգովսկու, Ֆ. Մակլերի և այլոց բարձր գնահատանքին:

 

 

Լ. Չուգասզյան

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

  

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am