Հանրագիտարան >> Հայոց ցեղասպանության հանրագիտարան >> Վիլսոնի իրավարարական պայմանակարգ

ՎԻԼՍՈՆԻ ԻՐԱՎԱՐԱՐԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԿԱՐԳ, այս անվամբ է հայտնի 1920 թ. Սան Ռեմոյի կոնֆերանսի որոշմամբ և Սևրի հաշտության պայմանագրի պայմաններով Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանների որոշման վերաբերյալ Վուդրո Վիլսոնի առաջարկությունը: Ըստ պայմանագրի, այն ստորագրող երկրները համաձայնվում են ԱՄՆ-ի հայեցողությանը թողնել Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանների որոշումը՝ Էրզրումի, Տրապիզոնի, Վանի և Բիթլիսի նահանգների (վիլայեթներ) տարածքում, ինչպես նաև Հայաստանին դեպի ծով ելք տրամադրելու ԱՄՆ-ի առաջարկը: Որպես իրավարար (արբիտր) այդ հարցով զբաղվում էր ԱՄՆ-ի պրեզիդենտ Վ. Վիլսոնը: Նա 1920 թ. նոյեմբերի 22-ին ներկայացրեց իր որոշումը, համաձայն որի հայ-թուրքական սահմանը սկսվում էր Իրանին սահմանամերձ Կոտուր քաղաքից, անցնում Վանա լճից հարավ-արևմտյան և Բիթլիս ու Մուշ քաղաքներից հարավ-արևմտյան (սահմանագծից դուրս էր մնում Վանի նահանգի մոտ կեսը և գրեթե ամբողջությամբ Սղերդի գավառը): Այնուհետև սահմանը ձգվում էր հյուսիս, անցնում Երզնկայից ոչ հեռու, որոշվում ըստ բնական աշխարհագրական պատնեշի և ապահովում Հայաստանի անվտանգությունը: Հայաստանին դեպի Սև ծով հարմար ելք ապահովելու համար սահմանն անցնում էր Դերսիմից հյուսիս: Համաձայն Վիլսոնի իրավարարական պայմանակարգի, Արևմտյան Հայաստանի տարածքը կազմելու էր 40 հզ. քառ. մղոն:

Վիլսոնի իրավարարական պայմանակարգը չիրականացվեց, քանի որ քեմալական Թուրքիան, հենվելով Խորհրդային Ռուսաստանի ռազմա-քաղաքական աջակցության վրա և օգտվելով արևմտյան տերությունների թողտվությունից, համառ պայքար ծավալեց Սևրի պայմանագրի ձախողման համար: 1920 թ. թուրք-հայկական պատերազմի ընթացքում Հայաստանի Հանրապետությունը, որը ոչ մի օգնություն չէր ստանում դաշնակից երկրներից, պարտություն կրեց և հարկադրված ստորագրեց 1920 թ. Ալեքսանդրապոլի պայմանագիրը, որով նա հրաժարվեց Սևրի հաշտության պայմանագրից (տե՛ս Հայաստանի մանդատ 1920 թ.):

Յու. Բարսեղով (Մոսկվա)

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

  

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am