Վանի նահանգ. Վանի էյալեթ (մինչև 1864-ը), Վանի վիլայեթ, վարչատարածքային միավոր Արևմտյան Հայաստանում: Կենտրոնը՝ Վան: Համապատասխանել Է հիմնականում Մեծ Հայքի Վասպուրական նահանգին:

Կազմավորվել է Թուրքիայի և Պարսկաստանի միջև 1555-ին Հայաստանի բաժանման մասին պայմանագրից հետո: XVIIIդ. 2-րդ կեսից մինչև XIXդ 40-ական թթ. ընդգրկել է Մոկք, Տուրուբերան նահանգները, Կորճայքի մեծագույն, Աղձնիքի արևելյան մասերը: Վերջնականապես կազմավորվել է 1888-ին, երբ նրան է միացվել Հաքյարիի գավառը (գոյություն ուներ 1880-ից): XX դ. սկզբին Վանի նահանգի տարածքը 39300 կմ2 էր (այլ տվյալով՝ 31600 կմ2): Վանի նահանգի մեջ էին մտնում Օրորան, Բերկրի (Բանդիմահու), Մարմետ (Կարասու), Արճիշակ (Մեհմեդիկ), Հայոց ձոր (Խոշաբ), Մեծ Զաբ, Արլ. Տիգրիս (Ջերմ) գետերի հովիտները, Վանա լճի ափամերձ շրջանների մեծ մասը: 1913-ին բաղկացած էր 2 գավառից՝ Վանի և Հաքյարիի: Վանի գավառն ընդգրկում էր նահանգի հյուսիսային և կենտրոնական մասերը, ուներ 8 գավառակ (կազա), Կենտրոնական կամ Վանի (Վան-Տոսպ, Թիմար, Արճակ, Հայոց ձոր գյուղախմբերով (նահիեներով), Բերկրիի (Մուրադին), Արճեշի, Ադիլջևագի (Ալջավազ կամ Արծկե), Գյավաշի (Կարճկան, Մոկս, Վերին Կարկառ գյուղախմբերով), Շատախի. Նորդուգի (Մամուրեթ ուր Րեշատ) և Մահմուդիեի: Հաքյարին զբաղեցնում էր Վանի նահանգի հարավը և ուներ 5 գավառակ՝ Խոշաբ, Աղբակ, Ջուլամերկ (Բեյթ ուլ Շաբաբի և «Ասորական մարգի» հետ), Գյավառ (Օրամարի հետ), Շամդինան:

Գտնվելով Օսմանյան կայսրության և Պարսկաստանի սահմանագլխին՝ Վանի նահանգը XVI-XVII դդ. բազմիցս դարձել է արյունալի պատերազմների թատերաբեմ, ավերվել է և ամայացել: Պարբերաբար կրկնվող ջարդերը, բռնագաղթն ու արտագաղթը, ինչպես նաև Հյուսիսային Միջագետքից մեծ քանակությամբ քրդական ցեղերի մուտքը լուրջ փոփոխություններ են առաջացրել երկրամասի ազգային կազմում: Չնայած դրան XIX դ. վերջին քառորդին այն Արևմտյան Հայաստանի առավել հայաշատ նահանգներից էր: Որոշ տվյալներով 1878-80-ին հայերի թիվը 250 հզ. էր (ըստ Վանի առաջնորդարանի՝ 300 հզ.) կամ ամբողջ բնակչության 55-60%: Սակայն համիդյան բռնապետությունը ծանր հարված հասցրեց տեղի հայությանը: Միայն 1894-96-ին կոտորվեցին 20 հզ., բռնի մահմեդականացվեցին 30 հզ., գաղթեցին 20 հզ. հայեր: Հիմնահատակ կործանվեցին բազմաթիվ հայկական գյուղեր (հատկապես՝ Արճեշում, Աղբակում, Արծկեում և այլուր), զգալիորեն ուժեղացավ մահմեդական տարրը: Այս ամենով հանդերձ, հայերն առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին նահանգի ամենաստվար էթնիկ տարրն էին: Կ. Պոլսի պատրիարքարանի տվյալներով, 1912-ին Վանի նահանգի հայ բնակչության թիվը 197 հզ. էր: 1914-ին ավելի քան 445 hq. բնակիչներից հայեր էին 200 հզ. (45%), քրդեր և եզդիներ՝ 130 հզ. (29,5%), ասորիներ՝ 80 հզ. (18%), թուրքեր՝ 33 հզ. (7%), հրեաներ, կովկասյան լեռնականներ, գնչուներ և այլք՝ 2,3-3 hq. (0,5%): Հայ բնակչությունը գերազանցապես կենտրոնացած էր Վանի գավառում (185 հգ.), որի գավառակների մեծ մասում, այդ թվում՝ նաև Վան քաղաքում, գերակշռություն ուներ:

1915-ին Մեծ եղեռնի ժամանակ, Վանի նահանգի հայ բնակչությունը թեև ծանր կորուստներ կրեց (26-28 հզ. զոհ), բայց հերոսական ինքնապաշտպանության շնորհիվ հիմնականում կարողացավ փրկվել (տե՛ս Վանի հերոսամարտ 1915): Երբ ռուսական բանակը հայ կամավորների հետ գրավեց (1915-ի մայիսի 6-ին) Վանը, այստեղ կազմավորվեց հայկական նահանգապետություն Արամ Մանուկյանի գլխավորությամբ: Սակայն հուլիսին քաղաքական նկատառումներից թելադրված ռուսական զորքերի նահանջի հետևանքով տեղի վերապրած հայերն ստիպված էին թողնել իրենց բնօրրանը և նորանոր զոհերով (մոտ 50 հզ.) գաղթել Արևելյան Հայաստան ու Կովկաս: Կոտորվել կամ հեռացել են նաև ասորիները, եզդիները: Վանի նահանգը լիովին հայազրկվել է 1918-ին, երր այնտեղ վերահաստատված շուրջ 25 hq. հայերը թուրքական բանակի հարձակման սպառնալիքի տակ կրկին հեռացել են:

Գ. Բադալյան

Գրականության ցանկ

«Հայկական հարց հանրագիտարան», Երևան, 1996թ.

Սրվանձտյանց Գ., Երկ., հ. 1, Ե„ 1978:   

«Վասպուրական և յուր գավառներ», «Մասիս», 1882, N 3219-3220 

Ծերուկ, «Վանի նահանգ ներկայումս», «Մուրճ» 1904, N 3-5, 9:

Ա-Դո, «Վանի, Բիթլիսի և էրզրումի վիլայեթները», Ե., 1912: 

Նույնի «Մեծ դեպքերը Վասպուրականոլմ 1914-1915 թվականներին», Ե, 1917:

Բադալյան Գ., «Վանի նահանգը 1840-ական-1914 թթ (վարչա-քաղաքական և դեմոգրաֆիական ուսումնասիրություն)», ԲԵՀ, 1986, N 3: 

Նույնի «Վանի նահանգի հայաբնակ բնակավայրերի ցուցակներն ըստ աոանձին գավառակների և գյուղախմբերի», ԲԵՀ, 1987, N2

Линч X. Ф. Б.. “Армения....” т. 2 Тифлис. 1910.  

Маевский В. Т. “Ванский вилайет. Военно-статистическое описание’’, Тифлис, 1901: 

Նույնի, “Военно-статистическое описание Ванского и Битлисского вилайетов”, Тифлис. 1904: 

Ерицов A., Опыт статистического очерка народонаселения Турецкой Армении, Тифлис, 1881,

Cuinet V., La Turquie d' Asie, t. 2, P., 1892. 

 

 

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am