Վանի ինքնապաշտպանություն 1896 թ., Վան քաղաքի և Վանի նահանգի գյուղերի հայ բնակչության դիմադրական մարտերը թուրք ջարդարարների դեմ համիդյան կոտորածների ժամանակ: Ինքնապաշտպանությունը ղեկավարել են քաղաքում գործող ազգային կուսակցությունների ղեկավարներ Մ. Ավետիսյանը (Թերլեմեզյան, արմենական), Մարտիկը (Մարտիրոս Սարուխանյան, հնչակյան) և Պետոն (Ալեքսանդր Պետրոսյան, դաշնակցական):

Մարտերը հիմնականում տեղի են ունեցել Վանի Այգեստան թաղամասում: Քաղաքը բաժանվել է չորս պաշտպանական շրջանների: Ինքնապաշտպանական խմբերում ընդգրկվել են 700-900 երիտասարդներ, որոնք ունեցել են ընդհամենը 518 հրացան: Վանեցիներին օգնության են շտապել Վազգենի (Տ. Տերոյան) և Ներսեսի (Գ. Պոզիկյան) հայդուկային խմբերը: Հակառակորդը կենտրոնացրել է մոտ 10 հզ. զինվոր՝ զինված արդիական զենքով և հրետանիով: Դիմադրական մարտերը սկսվել են հունիսի 3-ին: Հույսը դնելով իր հրազենի և թվական գերազանցության վրա՝ թշնամին փորձել է շեշտակի գրոհով ճեղքել վանեցիների պաշտպանությունը: Սակայն հանդիպելով հայերի հուժկու հակահարվածին և տալով զգալի կորուստներ՝ նահանջել է: Հաջողությամբ հետ մղելով թուրքերի հարձակումները՝ ինքնապաշտպանները դիմել են հանդուգն հակագրոհների և նման մի գործողության ժամանակ գրավել թշնամու երկու թնդանոթ: Սակայն զենքի և զինամթերքի խիստ պակասը ինքնապաշտպանության ղեկավարներին ստիպել է համաձայնել Վանի անգլիական հյուպատոսի և թեմական առաջնորդ Սահակ Բագրեվանդցու առաջարկությանը՝ դադարեցնելու դիմադրությունը: Իշխանություններն էլ թույլ են տվել մարտիկներին ու նրանց միացած մի խումբ բնակիչների դուրս գալ Վանից և գնալ Պարսկաստան: Հունիսի 8-ին մոտ 1500 մարդ հեռացել է Վանից: Դեպի Պարսկաստան ճանապարհին նրանց վրա են հարձակվել թուրքերը: Համառ մարտերից հետո միայն 20 հոգու է հաջողվել հասնել Սալմաստ, իսկ մնացածը, այդ թվում և Մ. Ավետիսյանը, զոհվել է: Նույն ճակատագրին է արժանացել նաև Պետոյի ու Մարտիկի 83 հոգուց բաղկացած ջոկատը: Փրկվել է միայն մեկ մարդ, իսկ Վարագա լեռան վրա ապաստանածները Վազգենի առաջարկով վերադարձել են Վան: Քաղաքից մարտիկների հեռանալուց հետո թուրքական զինվորներն ու համիդեականներն անարգել ներխուժել են քաղաքի հայկական թաղամասերը և կոտորել խաղաղ բնակչությանը: Մեկ շաբաթում զոհվել է շուրջ 500 հայ, սպանվել 300 թուրք: Առավել ծանր կորուստներ են եղել գյուղերում: Ջարդարարները կոտորել են շուրջ 20 հզ. հայ:

Ռ. О. Սահակյան


Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան, 1996թ.:

Երամյան Հ. Հուշարձան Վան-Վասպուրակաի, հ. 1, Ալեքսանդրիա, 1929: 

Հիշատակարան, նվիրված 1896 և 1915-ի Վասպուրականի հերոսամարտերուն. (Հս. Ամերիկա), 1945: 

Պողոսյան Հ. Մ., Վասպուրականի պատմությունից (1850- 1900), է.. 1988:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am