ՎԱՆԳԵՆՀԱՅՄ (Wangenheim) Հանս (1859-1915 թթ.), գերմանական դիվանագետ: 1912-15 թթ.՝ Գերմանիայի դեսպանը Թուրքիայում: Վանգենհայմի՝ որպես Գերմանիայի դեսպանի գլխավոր խնդիրն էր՝ վերջնականապես գերմանական ազդեցությանը ենթարկել Թուրքիային և ներքաշել նրան Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ Գերմանիայի կողմում: Վանգենհայմի դիվանագիտական գործունեությունը բնութագրվել է որպես թուրքամետ և հակահայկական: Վանգենհայմը դեմ էր Արևմտյան Հայաստանի բարենորոգումներին: Թուրքիայի՝ առաջին համաշխարհային պատերազմի մեջ մտնելուց հետո ամեն կերպ արդարացրել է Արևմտյան Հայաստանի հայ բնակչության տեղահանության, այսպես կոչված, կազմակերպման միջոցառումները, դրանք ներկայացնելով իբրև թուրքական իշխանությունների ռազմական և ստրատեգիական անհրաժեշտ նկատառումներ: Սակայն իր մի քանի զեկույցներում Վանգենհայմը նշել է, որ Թուրքիայի կողմից հայերի նկատմամբ գործադրվող միջոցները նպատակ ունեն բնաջնջել հայ ազգը, բայց գերմանական ներկայացուցիչները չպետք է խոչընդոտեն հայերի տեղահանությանը: Այս ոգով հրահանգները նա ուղարկել է Էրզրումի, Ադանայի, Մոսուլի, Բաղդադի, Հալեպի գերմանական հյուպատոսներին: Հայերի տեղահանությունը և ոչնչացումը, որոնք ահռելի չափերի են հասել, Վանգենհայմը ներկայացրել է որպես «նախազգուշական միջոցառումներ» ծավալվող հայկական շարժման նկատմամբ:

Ս. Ստեփանյան

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am