«Վան-Տոսպ», հասարակական-քաղաքական և գրական կիսամսյա հանդես, ապա՝ շաբաթաթերթ: Լույս է տեսել 1911-14-ին, Վանում, այնուհետև՝ 1915-18-ին՝ Թիֆլիսում, 1919-ին՝ Երևանում: Տնօրեններ, հրատարակիչ-խմբագիրներ՝ Հ. Ավագյան, Ն. Հակոբյան. Տ. Նազարյան, Ստ. Մալխասյան: Վանի ռամկավարների կիսապաշտոնական խոսնակը: Ունեցել է ժողովրդավարական, առաջադիմական ուղղություն և հակադրվել «աջ ու ձախ ծայրահեղություններին»: Մեծ տեղ է հատկացրել Հայկական հարցին: Հայ ազգային շարժումը համարել է ոչ անջատողական, հանդես է եկել հօգուտ Օսմանյան կայսրության ճնշված ժողովուրդների իրավահավասարության: 1912-13-ին կռահել է մոտ ապագայում թուրքական կառավարության պատրաստելիք «մեծ ու փոքր արյան բաղանիքները» և երիտթուրքական կառավարությունից պահանջել կատարել միջագգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունները: Նկատի ունենալով հայ ագգային շարժման հանդեպ Ռուսական կայսրության թշնամական քաղաքականությունը՝ ագատագրական հույսեր չի կապել Արևմտյան Հայաստանի ռուսական գրավման հետ: Թերթը չի հավատացել երիտթուրքերի` բարենորոգումներ իրագործելու խոստումներին, մերկացրել է նրանց ներքին և արտաքին քաղաքականությունը, դատապարտել հայկական կոտորածների գաղափար, նախապատրաստությունը և Հայկական հարցի լուծումը տեսել հայերի պայքարի մեջ:

Թիֆլիսում հրատարակվելիս «Վան-Տոսպը» հանդես Է եկել իբրև Արևմտյան Հայաստանից փախստականների իղձերի արտահայտիչ, մեծ տեղ հատկացրել դեռևս Վանում մնացած հայերի թշվառ վիճակի, Արևելյան Հայաստանում հաստատված վանեցիների կյանքի լուսաբանմանը, փորձել է կազմակերպված բնույթ հաղորդել գաղթականներին օգնություն ցույց տալու գործին, բացահայտել Վանի շրջանում ռուսական հրամանատարության հակահայկական տրամադրվածությունը: Ողջունել է 1917-ի փետրվարին ցարի տապալումը Ռուսաստանում: Քննադատել է «Թուրքահայաստանի մասին» խորհրդային դեկրետը՝ գտնելով, որ կործանման եզրին կանգնած և իր հայրենիքից արտաքսվող ու կոտորվող հայ ժողովրդի համար ավելորդ է դառնում ազգային ինքնորոշման իրավունքը: Հայկական հարցի վերջնական լուծումն առնչել է Անտանտի քաղաքականության, հայ դատը բոլշևիկյան կառավարությանը հանգամանորեն ներկայացնելու և նրա կողմից ըմբռնողություն գտնելու հետ:

Ա. Խառատյան

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան, 1996թ.

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am