Վան, քաղաք Արևմտյան Հայաստանում՝ Վանա լճի արևելյան ափին՝ Պարսկաստան տանող առևտրական ճանապարհին: Վանի թագավորության մայրաքաղաքն էր, հիմնել է Սարդուր 1-ը (Ք.ա. 835- 825 թթ.): Օսմանյան կայսրությանն է անցել XVI դ. 1-ին կեսին՝ դառնալով համանուն էյալեթի (հետագայում՝ վիլայեթ) կենտրոնը: Բաղկացած էր 2 մասից՝ բուն քաղաք կամ Քաղաքամեջ և Այգեստան, որն իր հերթին բաժանվում էր Հայկավանք, Շամիրամ, Սուրբ Հակոբ, Կլոր դար, Նորաշեն, Արարք, Հայնկույսներ թաղերի: Քաղաքի թաղամաս էր համարվում նաև Ակոբի (թուրքերեն Ակքյոփրյու) գյուղը: 1914 թ, վիճակագրության տվյալներով, ուներ 22470 հայ և 15000 թուրք բնակիչ (ըստ Վանի առաջնորդարանի՝ 34000 հայ, 31000 թուրք): Հայերը գերազանցապես զբաղվել են արհեստներով և առևտրով (միայն արհեստավորների թիվն անցնում էր 3800-ից): Հռչակված էին Վանիի ոսկերիչները, զինագործները, շալագործները, կտավագործները, դարբինները և այլն: Գործել են մի շարք կտավագործական արհեստանոցներ: XX դ. սկզբին Վանում կային 12 եկեղեցիներ, որոնցից 10-ը՝ գործող (Էջմիածին կամ Ս. Նշան, Ս. Պողոս-Պետրոս, Ս. Տիրամայր, Ս. Վարդան, Ծիրանավոր, Հայկավանից Ս. Աստվածածին, Արարուց Ս. Աստվածածին,Վանի ամրոց Տիրակառույց Ս. Աստվածածին, Հայնկույսներու Ս. Աստվածածին, Ս. Հակոբ): 1914 թ. Վանի 8 ազգային ուսումնական հաստատությունները՝ Կենտրոնական և Երամյան վարժարաններ, Արարաց (երկսեռ), Հայկավանքի, Ս. Հակոբի, Նորաշենի, Հայնկույսների (արական) թաղային, Սանդխտյան օրիորդաց դպրոցներ, ունեին 259 ուսուցիչ և մոտ 4500 աշակերտ: Դպրոցներ ունեին նաև բողոքականները (Քաղաքամեջում, կից՝ եկեղեցիով), Այգեստանում հաստատված ամերիկյան, գերմանական և դոմինիկյան միսիաները: Վանի հայերի մոտ 55 %-ը (ավելի քան 12000 մարդ) գրագետ էր: Այգեստանում էին գտնվում նաև անգլիական, պարսկական, ռուսական և ֆրանսիական հյուպատոսարանները: Վանի հայ ազգային-ազատագրական պայքարի կենտրոններից էր: 1860-ական թթ. Վարագավանքում իր գործունեությունն է ծավալել Մ. Խրիմյանը, 1870-80-ական թթ. այնտեղ գործել են «Միություն ի փրկություն», «Սև խաչ», «Զինակիր» կազմակերպությունները (Վանի հետ են կապված Մ. Փորթուգալյանի, Մ. Ավետիսյանի, Ա. Մանուկյանի, Վ. Սերենկյուլյանի (Վարդգես), Ն. Պողոսյանի (Իշխան), Ա. Եկարյանի, Վռամյանի (Օ. Դերձակյան) և այլոց անունները: Լույս էին տեսնում հայկական պարբերականներ: Հայկական աոաջին կոտորածների ժամանակ Վանի հայերը, չնայած ծանր կորուստներին, հերոսական ինքնապաշտպանության շնորհիվ հիմնականում փրկվել են: 1896 թ. հունիսի 3-ին և հաջորդ օրերին (տե՛ս Վանի ինքնապաշտպանություն, 1896) քաղաքում ավերվել ու թալանվել է 1514 տուն, զոհվել 546, առևանգվել 208 մարդ: Հիմնահատակ կործանվել է Հայկավանք թաղը (զոհերի գրեթե կեսը այս թաղից էր): Վանից հեռացած մի քանի հարյուր հայ զինյալ երիտասարդները (գրեթե բոլորը) զոհվել են թուրք-պարսկական սահմանագլխին: 1915 թ. Մեծ եղեռնի ժամանակ Վանի հայությունը շուրջ 27-օրյա հերոսամարտով ազատագրվեց թուրքական լծից: Մայիսի 6(19)-ին քաղաք մտան ռուսական զորքերը հայ կամավորների խմբերի հետ, իսկ հաջորդ օրն ստեղծվեց Վանի նահանգապետությունը՝ Ա. Մանուկյանի գլխավորությամբ: Սակայն ռուսական զորքի անսպասելի նահանջը (հուլիսին) քաղաքի բնակչությանը հարկադրել է գաղթել (մեծ կորուստներով) Արևելյան Հայաստան: Վան մտած թուրքական զորքերը լիովին ավերեցին այն՝ գազանաբար սրի քաշելով գաղթել չկարողացած սակավաթիվ հայերին: Ռուսական զորքերի կողմից քաղաքը վերագրավելուց հետո, նրա բնակիչների միայն մի փոքր մասն ի վիճակի եղավ վերադառնալ (տեղի կոմիսարության 1917 թ. հուլիսին կատարած վիճակագրության համաձայն, Վանում ապրում էր ընդամենը 5388 բնակիչ): 1918 թ. փետրվարին թուրքական զորքերի հարձակման ժամանակ հայերը վերջնականապես լքեցին Վանը: Երբեմնի բազմամարդ քաղաքը 1935 թ. թուրքական մարդահամարի տվյալներով ուներ 9362 բնակիչ (թուրք, քուրդ):

Գ. Բադալյան

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան, 1996թ.:

Ա-Դո «Մեծ դեպքերը Վասպուրականում 1914-1915 թվականներին», Ե., 1917: 

Бекгульянц Р., По Турецкой Армении, Ростов - на-Дону, 1914.

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am