Հանրագիտարան >> Հայոց ցեղասպանության հանրագիտարան >> Թուրքահայաստանի գեներալ-նահանգապետություն

ԹՈՒՐՔԱՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՆԵՐԱԼ-ՆԱՀԱՆԳԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ռազմավարական միավոր Արևմտյան Հայաստանում: Կազմվել է 1915-ին, առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, հայ կամավորների մասնակցությամբ՝ Արևմտյան Հայաստանում ցարական Ռուսաստանի բանակի գրաված շրջաններից: Դրանք կառավարելու համար ստեղծվել են քաղվարչական տեղական մարմիններ: Կովկասյան բանակի հրամանատար գեներալ Յուդենիչը առաջարկել է այդտեղ բնակեցնել Կուբանից ու Դոնից գաղթեցրած կազակների, ստեղծել եփրատյան կազակություն: 1916-ի հունիսի 8-ին Նիկոլայ II-ը հաստատել է Արևմտյան Հայաստանում՝ Թուրքիայից գրաված շրջանների քաղաքացիական վարչության ժամանակավոր կանոնադրությունը, ստեղծվել է հատուկ ժամանակավոր ռազմական գեներալ-նահանգապետություն՝ գեներալ-նահանգապետի գլխավորությամբ: Գլխավոր մարմիններն էին զինվորական շտաբը, գրասենյակի, հարկային և ռազմասանիտարական վարչությունները: Նախատեսվել է գեներալ-նահանգապետությունը բաժանել մարզերի (Վանի, Խնուսի, Էրզրումի, Պոնտական), օկրուգների (29) և տեղամասերի: Հանձնարարվել է օկրուգներ կազմելիս չխախտել նախկին վարչական բաժանումը: Տեղամասերի պետերի հիմնական պարտականությունը բնակիչներից հարկեր գանձելն էր: Նրանք պետք է հսկեին նաև գյուղական համայնքի գործունեությունը: Համայնքի ղեկավարումը դրվել է գյուղի ժողովի, ավագի և նրա օգնականի վրա:

1917-ի ապրիլի 26-ի որոշմամբ Արևմտյան Հայաստանի տարածքը անմիջականորեն ենթարկվել է բուրժուական ժամանակավոր կառավարությանը: Գեներալ-նահանգապետի փոխարեն սահմանվել են գլխավոր կոմիսարի և քաղաքացիական գծով նրա օգնականի նոր պաշտոններ: Թուրքահայաստանի գեներալ-նահանգապետությունը վերացավ 1918-ի սկզբին, երբ թուրքերը նորից զավթեցին Արևմտյան Հայաստանը:

Պ. Մայիլյան

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am