Հանրագիտարան >> Հայոց ցեղասպանության հանրագիտարան >> Թուրք-ֆրանսիական համաձայնագիր 1921 թ.

ԹՈՒՐՔ-ՖՐԱՆԱԻԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ 1921, Ֆրանկլեն-Բույոնի կամ Անկարայի պայմանագիր, կնքվել է հոկտեմբերի 20-ին, Անկարայում, Ֆրանսիայի և Անկարայի Ազգային մեծ ժողովի կառավարության միջև: Համաձայնագիրը նախատեսում էր պատերազմական վիճակի դադարեցում կողմերի միջև և երկու ամսվա ընթացքում ֆրանսիական զորքերի դուրսբերում Կիլիկիայից, բացառությամբ Ալեքսանդրետի սանջակի, որը «հատուկ վարչակարգի» կարգավիճակով մնում էր ֆրանսիական կառավարման տակ՝ տեղի թուրք բնակչության մշակութային լայն ինքնավարությամբ: Իր կողմից Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարությանը երաշխավորում էր իր տիրապետության տակ անցած ազգային փոքրամասնությունների իրավունքները, որոնք «հանդիսավոր» կերպով ճանաչվել են «Ազգային ուխտի» մեջ: Թուրքիան համաձայնվում էր կոնցեսիաներ տրամադրել ֆրանսիացիներին Ադանայի վիլայեթով անցնող Բաղդադի երկաթուղու մի շարք հատվածներում և պատրաստականություն էր հայտնում (արտգործնախարար Յուսուֆ Քեմալ բեյի նամակը Ֆրանկլեն-Բույոնին) այդ կոնցեսիաները տարածել նաև Թուրքիայի հանքերի, երկաթուղիների, նավահանգիստների և գետերի վրա:

Թուրք-ֆրանսիական համաձայնագիրը քեմալականների դիվանագիտական մեծ հաջողությունն էր, Ֆրանսիան փաստորեն Թուրքիայի օրինական կառավարություն էր ճանաչում Ազգային մեծ ժողովը, նրան հնարավորություն էր տալիս Կիլիկիայում ունեցած իր զինված ուժերը փոխադրել Արևմտյան ճակատ, որը այդ նույն օրերին կնքված խորհրդա-թուրքական պայմանագրի (տե՛ս Կարսի պայմանագիր 1921 թ.) հետ լավ նախապայմաններ էր ստեղծում հույների դեմ պատերազմը շահելու համար: Ֆրանսիայի կողմից խոշոր զիջում էր նաև Ալեքսանդրետի սանջակում «հատուկ վարչակարգի» հաստատումը, որը շուտով Անկարան օգտագործեց իմպերիալիստական գործարքների միջոցով սանջակը Թուրքիային միացնելու համար:

Թուրք-ֆրանսիական համաձայնագիրը ծանր հետևանքներ ունեցավ Կիլիկիայի քրիստոնյա բնակչության, հատկապես 100 հզ. հայերի համար, որոնք, չնայած նրանց «անվտանգության» մասին թուրք-ֆրանսիական հավաստիացումներին («1915 թ. ջարդերի սարսափելի հիշողությունը տակավին շատ թարմ էր հայ դժբախտ բնակչության մեջ, որպեսզի նրան թույլ տար հավատալու այդ բոլոր կոչերին», Mandelstam A., La Societe des Nations et les Puissances devant le реоblemе armenien, էջ 230), ֆրանսիական զորքերը հեռանալուց հետո ստիպված էին մեկընդմիշտ թողնել իրենց հայրենիքը և ապաստան գտնել այլ երկրներում: «Այսպիսով, -հետագայում խոստովանեց ֆրանսիացի. պատմաբան Ժ.Պիշոնը,- հայերին տված բոլոր խոստումները (իմա՝ դաշնակիցների կողմից) մոռացության տրվեցին» ("La partage du Proche-Orient", 1938, էջ 244):

Ջ. Թորոսյան

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am