ԹՈՒՐՔ Օսման (Ուսման աթ Թուրք), արաբ պատմաբան (Սիրիա): Գրել է «Էջեր հայ ազգի պատմության» մեծածավալ ուսումնասիրությունը (լույս է տեսել Հալեպում, 1960-ին), որը նվիրված է հայ ժողովրդի պատմությանը, Հայկական հարցին: Արևմտահայերի հարցը Թուրքը դիտարկել է Օսմանյան կայսրության մյուս ոչ թուրք ժոդովուրդների պատմության հետ սերտորեն կապված և այդ պատմությունը ներկայացրել որպես ոչ թուրք ժոդովուրդների ջարդերի անվերջանալի շղթա, ինչպես, օրինակ, հույների ջարդերը 1821-ին, Կ. Պոլսում, արաբների (մարոնիների և դրուզների) կոտորածները 1845 և 1858-60-ին, Սիրիայում ու Լիբանանում, բալկանյան ժոդովուրդների հալածանքները և, վերջապես, հայկական կոտորածները 1894-96-ին: Ջարդերի համար Թուրքը մեղադրել է օսմանյան սուլթաններին: Լուսաբանելով եվրոպական տերությունների դիրքորոշումը Հայկական հարցում՝ նշել է, որ «այդ պետություններն անկեղծ չէին հայերին թրքական ստրկությունից ազատելու հարցում...»: Թուրքի կարծիքով, երիտթուրքերը առավել դաժան եղան սուլթաններից և ավելի մեծ եռանդով կիրառեցին հայ և մյուս ոչ թուրք, այդ թվում մահմեդական ժոդովուրդների՝ արաբների, իրանցիների բռնի թուրքացման քաղաքականությունը:

1915-ի հայերի ցեղասպանության պատճառները լուսաբանելիս Թուրքը քննարկել է երիտթուրքերի պաշտոնական տեսակետը և ապացուցել դրա անհիմն լինելը: Հենվելով գերմանական ու թուրքական պաշտոնական աղբյուրների վրա՝ եզրակացրել է, որ 1915-ի ցեղասպանությունը երիտթուրքերի կառավարական քաղաքականությունն էր, ինչի համար պատասխանատու է նաև Գերմանիան, որը կարող էր, սակայն ոչինչ չարեց հայերի ջարդերը և բռնի տեղահանումը կանխելու համար:

Ն. Հովհաննիսյան

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am