ԾԱՌՈՒԿՅԱՆ Թորոս Վարդավառի, Չելլո, Մեծ Չելլո, (1870 թ., Կյուրին-1893 թ., Անկարա), ազգային-ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի: Հնչակյան կուսակցության անդամ: Սովորել է ծննդավայրի Արամյան, ապա՝ Յոզղատի Վահանյան դպրոցում: Եղել է «Փոքր Հայքի կազմակերպության» անդամ: Գործել է Կեսարիայի շրջանում: Թուրք իշխանություններին թյուրիմացության մեջ դնելու համար Ծառուկյանը և իր խումբը՝ Կ. Բարսեղյան, Մ. Խանապախյան, Փ. Յաղուպյան, Հ. Արզումանյան, հայտնի ավազակախմբի նմանությամբ անվանվել են «Չելլո»: Ծառուկյանը հայ ժողովրդին կոչել է ինքնապաշտպանութան, հարուստներից խլել և չքավոր գյուղացիներին բաժանել ունեցվածքը՝ սարսափ տարածելով պաշտոնական շրջաններում: Թուրքական կառավարությանը հաջողվել է սկզբում ձերբակալել Ծառուկյանի ընկերներին, 1893 թ. փետրվարի 17-ին՝ Ծառուկյանին: Հուլիսի 18-ին բոլորին կախաղան են բարձրացրել: Վերջին նամակում հույս հայտնելով, որ մոտենում է հայ ժողովրդի ազատագրության ժամը, Ծառուկյանը գրել է. «Հայու ազատությունը հայը պիտի գործե, մուրալը օգուտ չունի, միշտ պիտի խաբեն մեզի»: Ծառուկյանի մասին ժողովուրդը շատ զրույցներ, ասքեր ու երգեր է հյուսել:

Գ. Խուդինյան

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

  

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am