ԹՈՐԹՈՒՄ, գավառ Արևմտյան Հայաստանի Էրզրումի նահանգի հյուսիս-արևելքում, Ճորոխ գետի Թորթում (Ազորդ) վտակի ավազանում: Համապատասխանում է Մեծ Հայքի Տայք նահանգի Ազորդաց փոր գավառի և Վոկագե գավառի մեծ մասի տարածքին: Վարչական կենտրոնը՝ Թորթում ավան:

XVI դ. գրավել են օսմանյան թուրքերը, որոնք հալածել են հայերին, բռնի մահմեդականացրել: Մինչև XIX դ. կեսը մահմեդականություն ընդունած հայ բնակչության զգալի մասը պահպանել էր իր հայկական դիմագիծը, ուստի հայտնի էր կեսկեսներ (այսինքն՝ կես հայ, կես մահմեդական) անունով:

XIX դ. սկզբիս Թորթումում կար քրիստոնյա հայերի 17, կեսկեսների՝ 36 գյուղ: Մեծ եղեռնի նախօրյակին կեսկեսների մեծագույն մասը արդեն թրքացած էր:

Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին ռազմական գործողությունների, արտագաղթի ու թուրքական կառավարության իրականացրած մասնակի տեղահանության հետևանքով Թորթումը գրեթե լիովին հայաթափվել է: 1916-ի հունվարին՝ ռուսական բանակի կողմից գավառի գրավման շրջանում մնացել էին հատուկենտ հայեր, հիմնականում՝ ծերեր, կանայք ու որբ մանուկներ: 1916-17-ին ռուսական գրավման ժամանակ Թորթումից մեծ թվով թուրքեր վերաբնակվել են եղեռնի հետևանքով դատարկված Արևմտյան Հայաստանի շատ գավառներում: 1918-ի մարտի 17-ին Թորթումը կրկին գրավել են թուրքերը: Այժմ Թորթումը Թուրքիայի Էրզրում իլի մաս է և գերազանցապես թուրքաբնակ: Կեսկեսների մի որոշ մաս ցայժմ պահպանել է հայկական ազգային հատկանիշներ ու ծեսեր:

Ա. Մելքոնյան

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

  

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am