ԹՈՐԼԱՔՅԱՆ Միսաք [1888, գ. Կյուշանա (Տրապիզոնի նահանգում) – 1968, Կալիֆոռնիա), ժողովրդական վրիժառու: ՀՀԴ կուսակցության անդամ: Սովորել է ծննդավայրի դպրոցում: 17 տարեկանում կազմակերպել է հայ վրիժառուների խումբ (6 հոգի), որը զբաղվել է նաև զենք ու զինամթերք հայթայթելով: 1910-ին հնազանդեցրել է հայերին ճնշող լազերին: Նրան մշտապես հետապնդել են թուրքական իշխանությունները: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, խույս տալով թուրքական զինծառայությունից, հեռացել է լեռները: 1915-18-ին ծառայել է ռուսական բանակի հետախուզությունում, հմուտ գործողություններով մեծ վնաս հասցրել թուրքական զորքերին: 1918-ին, 600 հոգուց բաղկացած խմբով օգնության է հասել Էրզրումում գտնվող Անդրանիկին: Հետագայում անցել է Բաթում, Կ. Պոլիս, որտեղ 1921-ի հուլիսի 18-ին իրականացրել է Ադրբեջանի բոլշևիկ, ներկայացուցիչ, Բաքվի հազարավոր անմեղ հայերի ջարդերի կազմակերպիչ Բեհբուդ խան Ջվանշիրի ահաբեկումը:

1921-ի հոկտեմբերի 6-ին անգիական դատարանը Թոռլաքյանին ճանաչել է հանցավոր, սակայն ազատ է արձակել «մտախանգարման» պատճառով: 1921-ի նոյեմբերին անցել է Հունաստան, ապա՝ Բելգրադ ու Բուխարեստ: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գործել է Ղրիմում, Նովոռոսիյսկում՝ գերությունից ազատելով բազմաթիվ հայերի: Հետպատերազմյան տարիներին ապրել է Շտուտգարտում (Գերմանիա), 1952-ից՝ Կալիֆոռնիայում (ԱՄՆ):

Ե. Գասպարյան

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am