ԹՈՐԻԿՅԱՆ Շավարշ (1926, Բեյրութ - 1990, Բեյրութ), իրավաբան, միջազգային իրավունքի մասնագետ (ԱՄՆ): Կրթությունը ստացել է Լոնդոնի և Օքսֆորդի համալսարաններում: Դասախոսել է Բեյրութի ամերիկյան համալսարանում: Լիբանանում եղել է պետական բարձր պաշտոնյա, Քուվեյթում՝ կառավարության խորհրդական, ՄԱԿ-ի տարբեր հանձնաժողովներում՝ միջազգային իրավունքի խորհրդատու, Լավեռնի ամերիկահայ քոլեջում՝ ամբիոնի վարիչ: 1965-70-ին՝ Լիբանանի Հայ դատի հանձնախմբի, 1974-78-ին՝ Հայ դատի կենտրոնական մարմնի նախագահ: 1975-ին որպես միջազգային իրավունքի փորձագետ և Եկեղեցիների համաշխարհային խորհրդի ներկայացուցիչ մասնակցել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովում ցեղասպանության կանխման և դրա համար պատժի վերաբերյալ զեկուցման քննարկմանը և նշել, որ Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածը «XX դարում ցեղասպանության առաջին դեպքն է»: «Հայկական հարցը և միջազգային իրավունքը» (1973, անգլերեն) աշխատության մեջ, հայերի ցեղասպանությունը դիտելով որպես թուրքական կառավարության կողմից կազմակերպված կանխամտածված հանցագործություն, Թորիկյանը նշել է, որ ՄԱԿ-ի 1948-ի Կոնվենցիան անկասկած կիրառելի է 1915-23-ին հայերի ոչնչացման փաստի նկատմամբ, տվել է թուրքական կառավարողների գործած հանցանքների նկատմամբ վաղեմության ժամկետի անկիրառելիության իրավական վերլուծությունը, ինչպես նաև հիմնավորել սփյուռքահայերի պահանջների արդարացիությունը Արևմտյան Հայաստանի նկատմամբ:

Գ. Մախմուրյան

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

  

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am