ԹՈՐԳՈՄ (Թումյանց Թուման) (1879, Շուշի – 1904, Օլթի), ազգային-ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի: ՀՀԴ կուսակցության անդամ: Ավարտել է (1897 թ.) Շուշիի թեմական դպրոցը, սովորել ՄՊՀ-ում: Ծառայել է ռուսական բանակում (սպայական կոչումով թողել է ծառայությունը): Գործել է Կարսի շրջանում, կազմակերպել զինատար և հայդուկային խմբերի առաքումը Երկիր: 1903-ին գլխավորել է «Մրրիկ» հեծելախումբը, որը ռազմամթերք էր տանում Սասուն: Հաջող ձեռնարկումից հետո վերադարձել է Կարս՝ նոր ուժեր հասցնելու առաջադրանքով: 1904-ի հունիսին, երբ «Որսկան» հայդուկային խմբով (61 հոգի) գնում էր ապստամբ Սասունին օգնության, Օլթիի մոտ՝ ռուսական սահմանից ոչ հեռու նրանց պաշարել են ռուսական սահմանապահ զորքերը, հակառակ կողմից էլ կրակ են բացել թուրքերը: Երկուստեք կրակի մեջ հայտնվելով՝ Թորգոմը հրամայել է չկրակել ռուսների վրա և հանձնվել: Սակայն ռուս կազակները, անտեսելով սպիտակ դրոշը, շարունակել են կրակել և սպանել հայդուկներից շատերին, այդ թվում և Թորգոմին: Ժողովուրդը բազմաթիվ երգերով անմահացրել է Թորգոմի հիշատակը:

Ա. Ներսիսյան

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am