«ԹԵՐՃՈՒՄԱՆԸ ԷՖՔՅԱՐ» («Մտքերի թարգման»), հայատառ թուրքերեն քաղաքական, գրական և ազգային օրաթերթ: Լույս է տեսել Կ. Պոլսում, 1877-1885-ին՝ «Մեճմուայի հավատիս»-ի փոխարեն: Խմբագիրներ՝ Հ. Վարդանյան, Տ. Ճիվելեկյան, տնօրեն՝ Ա. Սագայան: 1877-78-ի ռուս-թուրքական պատերազմի և դրան հաջորդած շրջանում բազմաթիվ հոդվածներ է հրապարակել Արևելյան հարցի առաջացման և սրման պատճառների, մեծ տերությունների միջև հակասությունների, Թուրքիայում նրանց քաղաքականության, Հայկական հարցի, Արևմտյան  Հայաստանի գավառների բնակչության կենսական շահերի վերաբերյալ, պաշտպանել է Արևմտյան Հայաստանում բարենորոգումներ կատարելու գաղափարը: 1879-ին «Թերճումանը էֆքյար» մերկացրել է թուրքերի բռնությունները Մուշի շրջակայքում, որով հարուցել է թուրքական մոլեռանդ լրագրության դժգոհությունը, մեղադրվել է «Հայկական խնդիր հարուցելու» և խռովարարության մեջ: Թուրքական դատարանի վճռով 1880-ի հունվարին ձերբակալվել են թերթի տնօրենը և խմբագիր Տ. Ճիվելեկյանը, սակայն ազատվել են Կ. Պոլսի պատրիարք Ներսես Վարժապետյանի միջամտությամբ: 1880-ի ապրիլին եվրոպական մամուլից Հայկական հարցի վերաբերյալ հոդված տպագրելու համար թերթը փակվել է: Վերահրատարակվելուց հետո զրկվել է Հայկական հարցին անդրադառնալու հնարավորությունից:

Ա. Խառատյան

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

  

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am