ԹԵՔԵՅԱՆ Վահան Գալուստի (1878, Կ. Պոլիս - 1945, Կահիրե), գրող, բանաստեղծ, հասարակական-քաղաքական գործիչ: Նախնական կրթությունն ստացել է Կ. Պոլսի Ներսեսյան, Պերպերյան և Կեդրոնական վարժարաններում: 1896-ին ընդունվել է հնչակյան կուսակցության շարքերը, հարել կուսակցության վերակազմյալ թևին, 1898-ին ընտրվել նրա կենտրոնի անդամ: 1896-ին, խույս տալով օսմանյան ոստիկանությունից, անցել է Եվրոպա, 1904-ին տեդափոխվել Եգիպտոս, որտեղ հրատարակել է «Շիրակ» ամսագիրը (Մ. Կյուրճյանի հետ, 1905-07), ապա՝ «Նոր ժամանակներ» շաբաթաթերթը: 1908-ին, երիտթուրքական հեղաշրջումից հետո, վերադարձել է Կ. Պոլիս, մասնակցել հայ սահմանադրական ռամկավար կուսակցության ստեղծմանը, ընտրվել նրա կենտրոնական մարմնի անդամ: 1911-ին, իբրև եգիպտահայերի պատգամավոր այցելել է Էջմիածին՝ մասնակցելու Ամենայն հայոց կաթողիկոսի ընտրությանը, եղել է Երևանում ու Թիֆլիսում: 1914-ի ապրիլին մեկնել է Երուսաղեմ՝ իբրև պատրիարքին առընթեր Կ. Պոլսի Ագգային ժողովի ներկայացուցիչ, ապա անցել Եգիպտոս՝ պատահաբար փրկվելով 1915-ի բռնագաղթից ու կոտորածներից: Գործուն մասնակցել է ազգային պատվիրակության աշխատանքներին և Հայկական լեգեոնի կազմավորմանը: 1919-ին Երևանում բանակցություններ է վարել Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչների հետ՝ միացյալ հայկական կառավարություն ստեղծելու համար: 1920-22-ին ապրել է Կ. Պոլսում, մասնակցել ռամկավար ազատական կուսակցության հիմնադրմանը, եղել նրա «Ժողովրդի ձայն» թերթի խմբագիրը: Թեքեյանը, իբրև ազգային պատվիրակության լիազոր-ներկայացուցիչ, արևմտահայ գաղթականների և որբերի տեղավորման հարցերով շրջագայել է Հունաստանում, Սիրիայում, Եգիպտոսում և Շվեյցարիայում: Հայաստանում խորհրդային իշխանության հաստատումը դիմավորել է որոշ վերապահությամբ, սակայն հետագայում դրականորեն է գնահատել այն: Կյանքի վերջին տարիներին բնակվել է Փարիզում և Կահիրեում: «Զարթոնք» (Բեյրութ) օրաթերթի հիմնադիրներից: Զբաղվել է նաև մանկավարժական գործունեությամբ:

Ա. Սանջյան (Լիբանան)

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am