ԹԱՎԱՔԱԼՅԱՆ Բագրատ (Գևորգ) վարդապետ (1850, Դերբենդ - 1902, Բաքու), ազգային-ազատագրական շարժման գործիչ, հայդուկային շարժման առաջին կազմակերպիչներից: ՀՀԴ կուսակցության անդամ: Սովորել է Թիֆլիսի ուսուցչական սեմինարիայում, Պետերբուրգի զինվորական դպրոցում: Թիֆլիսում մտերմացել է Գ. Արծրունու, Րաֆֆու հետ: 1880-ական թթ. սկզբից սկսել է ազատագրական, հեղափոխական գործունեություն (Վասպուրական, Տարոն, Իգդիր): Գործակցել է և աջակցել հայ նշանավոր հայդուկներ Հունոյին, Սևքարեցի Սաքոյին, Նիկոլ Դումանին: Ենթարկվել է հետապնդումների: 1889-ին Ալաշկերտի Ս. Հովհաննես վանքում ձեռնադրվել է վարդապետ և շարունակել հեղափոխական գործունեությունը: Թավաքալյանի շնորհիվ պարսկա-թուրքական սահմանի Դերիկի Ս. Աստվածածին ավերված վանքը (որի վանահայրն էր դարձել) վերածվել է հայդուկային շարժման կարևոր հենակետի Արևմտյան Հայաստան անցնելու և ազատագրական գործունեություն ծավալելու համար: 1898-ից Թավաքալյանը հոգևոր ծառայությունը շարունակել է Ալեքսանդրապոլում և Գանձակում:

Գ. Խուդինյան

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am