Տալվորիկի կռիվներ 1893, 1904, Տալվորիկի հայերի ինքնապաշտպանական մարտերը թուրքական և քրդական ուժերի դեմ: 1893-ի հունիսի 1-ին կեսին քրդական ուժերը շրջապատել են Տալվորիկը, որը ռազմավարական կարևոր նշանակություն ուներ ամբողջ Սասունի համար: Տալվորիկցիները դիմել են ինքնապաշտպանության (կռվողների թիվը՝ շուրջ 400)՝ Սպաղանաց Մակարի, Խչեի Գասպարի, Չուրոյի Պետրոսի, Մգրեի, Համզեի, Տեր Գաբրիելի ղեկավարությամբ: Քրդական մեծաթիվ զինական ուժերը երկու շաբաթ շարունակ հարձակվել են Տալվորիկի վրա, սակայն հայերը հետ են մղել բոլոր գրոհները: Տղամարդկանց օգնել են կանայք և երեխաները: Քրդերը, անընդհատ համալրելով իրենց ուժերը, շարունակել են հարձակումները: Ծանր դրության մեջ հայտնված պաշտպաններին օգնության են հասել Գելիե- գուզանից, Շենիկից, Սեմալից և Սասունի այլ գյուղերից, Անդոկից՝ Հրայրի խումբը, և քրդերը հետ են շպրտվել: Հունիսի 17-ին Տալվորիկը ենթարկվել է թուրք-քրդական նոր հարձակման, որն ուղեկցվել է հայկական դիրքերի ռմբակոծությամբ: Սակայն սակավաթիվ հայ պաշտպանները հանկարծակի հակագրոհով պարտության են մատնել հակառակորդին: Կռիվների ընթացքում հայերը տվել են 200 զոհ, թուրքերն ու քրդերը՝ 1000 սպանված:

1904-ի գարնանը Սասունի վրա նոր հարձակման (տե՛ս Սասունի ապստամբություն 1904) ժամանակ թուրք-քրդական ուժերը շրջապատել են Տալվորիկը: Ինքնապաշտպանությանը գլխավորել Է Գևորգ Չավուշը, նրան օգնել են Անդրանիկի և Վահանի ֆիդայիները: Երկարատև համառ, անհավասար մարտերի ընթացքում վերջացել է հայ պաշտպանների ռազմամթերքը, և թշնամին հրետանային ռմբակոծությունից հետո ի վերջո գրավել է Տալվորիկը: Թուրք և քուրդ հրոսակները Տալվորիկի և Սասունի մյուս գյուղերի բնակիչներին սրի են քաշել՝ գործադրելով անմարդկային դաժանություն:
Թուրք-քրդական հարձակումները Տալվորիկի վրա և նրանց գործելակերպը վկայում են, որ XIX դ. վերջին և XX դ. սկզբին թուրքական կառավարությունը վարել է հայահալած քաղաքականություն, իրականացրել հայկական կոտորածներ՝ նպատակ ունենալով ոչնչացնել հայ ժողովրդին:
Տալվորիկի պաշտպանությունը 1893-ին և 1904-ին հայ ժողովրդի ազգային- ազատագրական պայքարի հերոսական էջերից է:
Ս. Պողոսյան
 
 
Գրականության ցանկ
 
«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան, 1996թ.:
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am