Տալվորիկ, Տալվորի,Դալվորիկ. գավառակ և գյուղ Արևմտյան Հայաստանի Բիթլիսի նահանգի Սասուն գավառում, Շատախ (հնում՝ Ասպական) գետի ձորահովտում: Տալվորիկ գավառակի կենտրոնը: Ըստ ավանդության Տալվորիկի հիմնադիրը զեյթունցի «ծուռ» Ղազարն (Խզրո) է: Տալվորիկը բաղկացած էր 14 թաղ-գյուղերից՝ Էգետուն, Հագմանք, Հըլողինք, Դվալենք, Փուրխ, Մզրեն, Արտխոնք, Խըլհովիտ, Քրդամանք, Հոսնուտ, Հարթք, Սպաղանք, Ձորեր, Հավկունք: XX դ. սկզբին ուներ 224 տուն (1561) բնակիչ: Տալվորիկցիները զբաղվում էին հացահատիկի մշակությամբ, անասնապահությամբ, արհեստներով, մոտակա հանքավայրերից արդյունահանում էին երկաթի հանքաքար, փայտածուխով ձուլում և պատրաստում գործիքներ, զենքեր: Զբաղվում էին նաև այգեգործությամբ, գինեգործությամբ: Գյուղն ուներ եկեղեցի (Ս. Սարգիս) և XIX դ. 2-րդ կեսից՝ գործող փոքրիկ վարժարան:

1891-93-ին քրդերը բազմիցս ներխուժել են Տալվորիկ, սակայն, հակահարված ստանալով, դուրս են շպրտվել: 1893-ի հունիսի սկզբին, 1894-ի գարնանը թուրքական իշխանությունները Տալվորիկի վրա են ուղարկել բանակային մեծ ուժեր, որոնք, հանդիպելով տալվորիկցիների համառ դիմադրությանը, հետ են շպրտվել (տե՛ս Տալվորիկի կռիվներ 1893, 1904): 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ, Տալվորիկի բնակիչները դիմել են ինքնապաշտպանության (տե՛ս Սասունի ինքնապաշտպանություն 1915)  և թշնամու գերակշռող ուժերի դեմ կատաղի մարտերից հետո թողել են հայրենի բնօրրանը: Տալվորիկի բնակչության միայն փշրանքներին է հաջողվել անցնել Արևելյան Հայաստան:

Ն. Խլղաթյան

 

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան, 1996թ.:

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am