ՍԵՎՔԱՐԵՑԻ ՍԱՔՈ (Ծովանյան Սարգիս Սարիբեկի), Անմեղ, Անմեղյան [1870 թ., գ. Սևքար (ՀՀ Իջևանի շրջանում) – 1908 թ.], ազգային-ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի: ՀՀԴ կուսակցության անդամ: Ազգային-ազատագրական գաղափարների ձևավորմանը մեծապես նպաստել է Ս. Կուկունյանի հետ ծանոթությունը (1890 թ.), Ք. Միքայելյանի, Ռոստոմի հետ համագործակցությունը: 1892 թ. հաստատվել է պարսկա-թուրքական սահմանին, Դերիկի վանքում (որը շնորհիվ Բ. Թավաքալյանի դարձել էր հենակետ դեպի Երկիր ճանապարհին), մասնակցել քրդերի դեմ այդտեղ մղված կռիվներին, նպաստել զինատար խմբերի անցմանը Արևմտյան Հայաստան, ինչպես նաև ուղեկցել Պարսկաստան անցնող կամավորներին: Ակտիվորեն մասնակցել է (որպես հեծյալ խմբի հրամանատար) 1897 թ. Խանասորի արշավանքին, ապա անցել է Էջմիածին: 1889 թ. ճանապարհվել է Երկիր, հանդիպել և գործակցել Ճարտարի ու Հրայրի հետ: Ձերբակալվելով՝ դատապարվել է 101 տարվա բանտարկության (սկզբում՝ Մուշում, ապա տեղափոխվել է Կարին): Կարինում պատիժը փոխարինվել է մահապատժով, սակայն 1901 թ. հանձնվել է ռուսական կառավարության դատին, որը նրան շուտով ազատ է արձակել: 1905 թ. հայ-թաթարական ընդհարումների ժամանակ կազմակերպել է Ղազախ-Շամշադինի ինքնապաշտպանությունը: Մասնակցել է ՀՀԴ կուսակցության 4-րդ ընդհանուր ժողովին (1907 թ., Վիեննա), որտեղ որոշվել է օգնել սկսված Իրանական հեղափոխությանը: Հեղափոխությանը մասնակցել է որպես հեծյալ խմբի հրամանատար, սակայն դեպի Պարսկաստան ճանապարհին հիվանդացել է և մահացել:
Գ. Խուդինյան
Գրականության ցանկ
«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:
Տե՛ս ավելին՝
Վալադյան Վ., Սևքարեցի Սաքոն, «Հայրենիք», Բոստոն, 1959, N 2-6:
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am