ՍԵՊՈՒՀ (Ներսիսյան Արշակ) [1872 թ., գ. Թոմնա (Բաբերդի շրջանում) – 1940 թ., ԱՄՆ], ազգային-ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի, զորավար: Հարել է հնչակյան կուսակցությանը, 1894 թվականից՝ ՀՀԴ կուսակցության անդամ: Սովորել է Տրապիզոնի ազգային վարժարանում: Ապրել և գործել է Կ. Պոլսում, 1890 թ. Գում Գափուի ցույցից հետո անցել է Ղրիմ (Սևաստոպոլ, Յալթա), հետո՝ Կարս, Տարոն, 1903 թ.՝ Թորգոմի «Մրրիկ» խմբի (23 հոգի) կազմում՝ Սասուն:

Սասնակցել է Սասունի 1904 թ. ապստամբությանը: Գործակցել է Հրայրի, Իշխանի հետ: Հեղափոխական գործունեության համար ձերբակալվել է, արգելափակվել Մուշի բանտում: ՀՀԴ կուսակցության IV ընդհանուր ժողովին (1907 թ., Վիեննա) մասնակցելուց հետո մեկնել է Բաբերդ, մինչև 1912 թ. գործել Տարոնում, ապա՝ Կարինում, Թիֆլիսում, 1913 թվականից ապրել է Խարկովում: Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին 21 հոգուց բաղկացած խմբով միացել է Անդրանիկին: Եղել է Հայկական 1-ին կամավոր գնդի 2-րդ վաշտի հրամանատար: Մասնակցել է Խոյի և Դիլմանի ճակատամարտերին: 1916 թ. Երզնկայում Մուրադ Սեբաստացու հետ ձեռնարկել է «Մեկ հայ, մեկ ոսկի» հիմնադրամը, հավաքել բազմաթիվ հայ որբերի: Իր զինվորներով մասնակցել է Սարդարապատի ճակատամարտին, ապա օգնության գնացել Բաքվում կռվող հայկական ուժերին (1918 թ.): ճնշել է բոլշևիկների 1920 թ. մայիսյան ապստամբությունը: Հայաստանում խորհրդային իշխանություն հաստատվելուց հետո անցել է Կ. Պոլիս, ապա՝ Ամերիկա: Սեպուհի աճյունասափորը պահվում է Դետրոյտի ՀՀԴ կուսակցության ակումբում:

Ա. Ներսիսյան

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am