ՍԵԲԱՍՏԻԱ, Կաբրիա,Դիոսպոլիս, Սեվաստ, Սվազ. քաղաք Փոքր Հայքում, Ալիս (Հալիս) գետի աջ ափից ոչ հեռու, Սեբաստիա նահանգի վարչական կենտրոնը: 1400թ-ին Լենկթեմուրը, գրավելով Սեբաստիան, ոչնչացրել է մոտ 4 հազար հայ զինվոր: 1413թ-ին Սեբաստիան գրավել են օսմանյան թուրքերը և դարձրել Ռումի Էլայեթի (հետագայում՝ Սեբաստիայի վիլայեթի) կենտրոնը: 1562թ-ին Սեբաստիայում Միքայել Սեբաստացու նախագահությամբ տեղի է ունեցել ժողով՝ նվիրված թուրքական լծից Արևմուտքի օգնությամբ հայ ժողովրդի ազատագրության ուղիներ գտնելու խնդրին: XVI-XX դարի սկիզբը Սեբաստիան եղել է ամենահայաշատ քաղաքներից մեկը: 1891թ-ին ունեցել է 65 հազար բնակիչ, որից 35 հազարը՝ հայեր: Գործել են Սուրբ Աստվածածին, Սուրբ Մինաս, Սուրբ Փրկիչ, Սուրբ Սարգիս առաքելական և հայ ավետարանականների երկու եկեղեցիներ, Սուրբ Նշան, Սուրբ Հրեշտակապետ, Սուրբ Վլասիոս,Անապատ, Սուրբ Խնդրակատար Աստվածածին կամ Խոնորկտոր, Սուրբ Հակոբ, Քառասուն մանկունք վանքերը, 17 արական (Արամյան, Թարգմանչաց, Ներսիսյան, Սահակյան, Սուրբ Փրկիչ, Ռուբինյան, Թորգոմյան, Սանասարյան, Հողդարի, Մխիթարյան միաբանության և այլն) և 4 իգական (Լուսինյան, Հռիփսիմյանց, Բեղիքյան և այլն) դպրոցներ, նաև երեք տպարան, հրատարակել են պարբերականներ: Տարբեր ժամանակներ Սեբաստիայում հիմնվել են Ազգային հիվանդանոցներ, որբանոց, Աղքատախնամ ընկերություն և այլ բարեգործական, ինչպես նաև ազգային-մշակութային կազմակերպություններ, 1870թ-ից՝ թատերական ընկերությունը: 1895թ-ի նոյեմբերի 12-ին Սեբաստիայի շուկա ներխուժած թուրքական խուժանը թալանել ու քանդել է հայերի խանութները: 400 հայեր «Նոր խան» կոչված շենքում կազմակերպել են դիմադրություն: Կեսօրին թալանն ու կողոպուտը վերածվել են հայերի զանգվածային կոտորածների, որին ակտիվորեն մասնակցել են ոստիկանությունում ծառայող համիդեական գնդերը: Մեկ օրում ջարդերի զոհ են դարձել շուրջ 1000 հայեր: 1909թ-ի Ադանայի ջարդերի ժամանակ զոհվել են այնտեղ պանդխտության մեկնած հարյուրավոր սեբաստացիներ: Մինչև 1914թ-ը Սեբաստիայում հայ բնակչության թիվը չէր աճել և կազմում էր 36 հազար մարդ: 1914թ-ի վերջին թուրքական իշխանությունները հարյուրավոր սեբաստացիների քշել են հարկադիր աշխատանքի և կոտորել, բանակ զորակոչված բազմաթիվ հայեր էլ զինաթափվել և գնդակահարվել են: 1915թ-ի փետրվարին Սեբաստիա բերված 1700 ռուս գերիների մեծ մասը սովամահ է արվելիսկ նրանց օգնության մեկնած տասնյակ հայեր ենթարկվել են մահապատժի: Այնուամենայիվ, տեղի հայերը կարողացել են գրեթե բոլոր զոհված ռուսներին գաղտնաբար հանձնել հողին: 1915թ-ի մարտի 15-ին ձերբակալվել են 40 հայ կուսակցական գործիչներ և 40 օր բանտում պահվելուց հետո, նահանգապես Մուամմարի հրամանով գնդակահարվել Յոզղատի ճանապարհին՝ Մաշատլար  Յերի կոչված վայրում: Սեբաստիա ժամանած Բեհաէդդին Շաքքիրի և Քյամիլ փաշայի հրամանով մոտ 1000 առևանգված հայուհիներ տարվել են Կոստանդնուպոլիս. Հ. Գեյթսի վկայությամբ, նրանցից շատերին վաճառել են մայրաքաղաքի շուկաներում: Մուամմարի կարգադրությամբ, ապրիլի վերջին և մայիսի սկզբին, զորքերը հայերի ապստամբությունը կանխելու շինծու պատրվակով շրջափակել են Սեբաստիայի հայկական թաղամասերը և իրականացրել մտավորականների զանգվածային ձերբակալություններ: 500 մտավորականներից մի մասին ասկյարները խումբ-խումբ գնդակահարել են Ալիսգետի ափին՝ Փաշա չայիրվայրում, մյուսներին ջրախեղդ արել Տիգրիսում՝ աքսորի ճանապարհին: Կախաղան են բարձրացվել մեկ տասնյակ աչքի ընկնող ազգային գործիչներ՝ Բարսեղ Ղարիբյանը, Ամասացի Գորու Նշանը, Բիձա Մկրտիչը և ուրիշները: Հունիսի 3-ին ձերբակալաել են ևս 3500, ամսի 11-ին՝ շուրջ 900 հայեր, որոնց գնդակահարել են քաղաքից դուրս՝ Մայրագոմի լեռան վրա գտնվող Ղարլըղ վայրում՝ նահանգապետ Մուամմարի ներկայությամբ: Կառավարության հրամանով բռնագաղթից ազատվելու էին այն հայերը, որոնք մահմեդականություն ընդուելու համար իրենց մանուկներին կհանձնեին իշխանություններին: Տնային կալանքի է ենթարկվել եպիսկոպոս Գնել Գալեմքերյանը: Մինչև հուլիսի 4-ը, 3 քարավաններով տեղահանվել է Սեբաստիայի ամբողջ հայ բնակչությունը՝ 5850 ընտանքի: Առաջին քարավանից Հալեպ են հասել ընդամենը 350 կանայք և երեխաներ: Պետության կարիքների համար թողնված 70-80 հայ արհեստավորներ աքսորվել են հոկտեմբերի 2-ին և սպանվել Կոստանդնուպոլսի ժանապարհին: Կոտորածներից փրկված 1500 սեբաստացիներ 1917-1918թթ-ին վերադարձել են հայրենի քաղաք: Մինչև 1920թ-ը նրանց թիվը ի հաշիվ նաև տարբեր վայրերից եկած գաղթականների՝ հասել է 5 հազարի: Վերջիններից մի մասը 1920-1930-ական թթ. ներգաղթել է Խորհրդային Հայաստան և հիմնել Երևանի Նոր Սեբաստիա թաղամասը: Այժմ Սեբաստիան համանուն իլի վարչական կենտրոնն է, որի 175 հազար բնակիչներից 350-ը (ոչ պաշտոնական տվյալներով) հայեր են, գործում է հայկական եկեղեցի:

Ա. Մելքոնյան

 

Գրականության ցանկ

 

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան, 1996թ.

Սապահ-Գյուլյան Ս.,«Փոքր Հայքի հիշատակներ», Չիկագո,1917:

Ակունի Ա. «Միլիոն մը հայերու ջարդի պատմությունը», Կոստանդնուպոլիս,1920:

Գաբիկյան Կ.,«Եղեռնապատում Փոքուն Հայոց և Նորին Մեծի մայրաքաղաքին ՝ Սեբաստիո», Բոստոն 1924:

Առաքել Պատրիկ, «Պատմագիրք-հուշամանտյան Սեբաստիո և գավառի հայության», համար 1, Բեյրութ,1974:

 

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am