Հանրագիտարան >> Հայոց ցեղասպանության հանրագիտարան >> Սայքս-Պիկոյի համաձայնագիր (1916)

ՍԱՅՔՍ-ՊԻԿՈՅԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ 1916 Թ., գաղտնի համաձայնագիր Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի միջև՝ Օսմանյան կայսրության ասիական տիրույթների բաժանման մասին: Ստորագրել են Անգլիայի արտգործնախարար է. Գրեյն ու Ֆրանսիայի դեսպան Պ. Կամբոնը Լոնդոնում, 1916 թ. մայիսին: Կոչվել է համաձայնագրի նախագիծը պատրաստած դիվանագետների՝ Մ. Սայքսի (Մեծ Բրիտանիա) և ժ. Պիկոյի (Ֆրանսիա) անունով: 1916 թ. սկզբին Կովկասյան ճակատում ռուսական զորքերի հաջողությունները վերստին աշխուժացրին Թուրքիայի տարածքի բաժանման անգլո-ֆրանսիական բանակցությունները: 1916 թ. մարտի 6-ին նրանց միջև կայացած համաձայնության մասին տեղյակ պահվեց Ռուսաստանի կառավարությանը: Վերջինս դժգոհություն հայտնեց այն առթիվ, որ ըստ նախագծի Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան ձեռք էին բերում զգալի թուրքական տարածքներ: «Հայաստան» ու «Հայկական հարց» տերմիններն ընդհանրապես բացակայում էին փաստաթղթերում, քանի որ երկու տարի առաջ այդ հարցը եվրոպական տերությունների դիվանագիտական հատուկ քննարկման առարկա էր (տե՛ս Հայկական բարենորոգումներ 1912-14 թթ. և Ռուս-թուրքական համաձայնագիր 1914 թ. ). Անգլիական կառավարության լիազոր Մ. Սայքսը Ռուսաստանում անգլիայի դեսպան Ջ. Բյուքենենին հղած (1916 թ. մարտի 12) գրության մեջ անհնար էր նկատում Հայկական պետության ստեղծումը, ինչպես նաև Հայաստանի հանձնումը Ռուսաստանին: Ստանալով Թուրքիայի բաժանման վերաբերյալ Ռուսաստանի համաձայնությունը՝ դաշնակիցները հավաստեցին նրա իրավունքները Կ. Պոլսի և նեղուցների նկատմամբ, որոնք նախատեսված Էին 1915 թ. անգլո-ֆրանս-ռուսական համաձայնագրով, ինչպես նաև նրան խոստացան Արևմտյան Հայաստանի նահանգները (Էրզրում, Տրապիզոն, Վան, Բիթլիս) և Քրդստանի մի մասը:

Սայքս-Պիկոյի համաձայնագիրը (Տե՛ս Օսմանյան կայսրության բաժանումն ըստ Սայքս-Պիկոյի համաձայնագրի (1916թ.)) նախատեսում էր ստեղծել հինգ գոտիներ. «կապույտ», որն ընդգրկում էր Արևմտյան Սիրիան, Լիբանանը, Կիլիկիան՝ հարավ-արևելյան Անատոլիայի (Այնթապ, Ուրֆա, Սարդին, Դիարբեքիր և Հաքյարի) հետ, և անցնում էր Ֆրանսիային, «կարմիր», որն ընդգրկում էր Հարավային ու Կենտրոնական Իրաքը, Պաղեստինի Հայֆա և Ակկա նավահանգիստները և անցնում էր Սեծ Բրիտանիային, «դարչնագույն» գոտում (Պաղեստինի մնացած մասը) Ռուսաստանի և մյուս երկրների համաձայնությամբ հաստատվում էր միջազգային կառավարում: Արևելյան Սիրիան ու Մոսուլը մտնում էին Ֆրանսիայի ազդեցության ոլորտի մեջ («А» գոտի), Անդրհորդանանն ու Բաղդադի վիլայեթի հյուսիսային մասը՝ Մեծ Բրիտանիայի ազդեցության գոտու մեջ («В» գոտի): Ռուսաստանին անցնող տարածքները (այդ թվում՝ Արևմտյան Հայաստանը) պետք է կազմեին «դեղին» գոտին: Իտալիայի՝ Գերմանիային պատերազմ հայտարարելուց մեկ տարի անց  Օսմանյան կայսրության քարտեզի վրա երևացին նաև «կանաչ» գոտին (հարավ-արևմտյան Անատոլիա) և «С» գոտին (Անատոլիայի արևմտյան և կենտրոնական մասը), որոնք նախատեսվում էին Իտալիայի համար: 1917 թ. նոյեմբերի վերջին Խորհրդային կառավարությունը հրապարակել է Սայքս-Պիկոյի համաձայնագրի տեքստը և չեղյալ համարել: Դաշնակիցների միջև ստեղված ուժերի նոր հարաբերակցության պայմաններում համաձայնագիրը վերանայվել է հօգուտ Մեծ Բրիտանիայի (տե'ս Սան Ռեմոյի կոնֆերանս 1920 թ. և Սևրի հաշտության պայմանագիր 1920 թ.).

Ս. Կիրակոսյան


Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան, 1996թ.:

«Հայաստանը միջազգային դիվանագիտության և սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում (1828-1923)», Ե., 1972, էք 381- 396:

«Հայաստանի ավտոնոմիան և Անտանտան, վավերագրեր իմպերիալիստական պատերազմի շրջանից», Ե., 1926: 

Կիրակոսյան Ջ. Ս, «Առաջին համաշխարհային պատերազմը և արևմտահայությունը», Ե., 1967:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am