Հանրագիտարան >> Հայոց ցեղասպանության հանրագիտարան >> Սասունի ինքնապաշտպանություն (1915թ.)

 ՍԱՍՈՒՆԻ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ 1915: Սասունի հայերի գոյամարտը Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերում իրականացվող հայկական ցեղասպանության ժամանակ: Առաջին համաշխարհային պատերազմը (1914-18) թուրքական կառավարությանը հնարավորություն տվեց իրագործել Սասունը վերջնականապես ընկճելու և հայերին ոչնչացնելու ծրագիրը: Սակայն Արևմտյան Հայաստանի տարբեր մասերից եկող լուրերը հայերի զանգվածային կոտորածների մասին սասունցիներին հարկադրեցին պատրաստվել ինքնապաշտպանության՝ ունենալով միայն 1000 հին ու նոր մարտական և որսորդական հրացան: Սասունի պաշտպանների խմբերը, որոնց գլխավորում էին Փեթարա Մանուկը, Ռուբենը, Կոմսը, Իշխան Շառոն, Մուշեղը, Սաղտունցի Հովհաննեսը, Վահան Վարդանյանը, Մշեցի Մճոն (Մկրտիչ Պոլեյան), Իշխանաձորցի Արթինը և Կրպոն, Ստեփան վարդապետը և ուր., դիրքեր գրավելով կարևորագույն կետերում, 1915-ի մարտին հետ շպրտեցին թուրքական ու քրդական ուժերը, որոնք հարձակվել էին Տալվորիկի վրա: Ապրիլ-մայիսին համառ մարտեր տեղի ունեցան Խուլփի, Խիանքի, Իշխանաձորի, Արտխոնքի շրջանում: Չնայած անձնվեր դիմադրությանը, այդ վայրերի հայերը թուրք-քրդական գերակշիռ ուժերի, հրանոթային կրակի ճնշման տակ նահանջեցին դեպի Անդոկ սարը: Հունիսին թուրքերը հարձակվեցին Փսանքի շրջանում: Իրենց հայրենակիցներին օգնության եկած Տալվորիկի մարտիկները հանկարծակի հարձակումով խուճապի մատնեցին քրդերին և գրավեցին կարևոր նշանակություն ունեցող Մազի (Սատանի) կամուրջը: Այնուամենայնիվ, թուրք-քրդական մեծաքանակ ուժերն աստիճանաբար բոլոր կողմերից սեղմեցին պաշարման օղակը, հունիսին Սասունի պաշտպանների ձեռքին մնաց ընդամենը 1200 առակուսի կմ  տարածության: Հուլիսին թուրք-քրդական ուժերն անցան վճռական հարձակման: Հուլիսի սկզբիս թուրք-քրդական 30 հզ-անոց բանակը մեծ կորուստների գնով գրավեց Կուրտիկը: Հուլիսի 20-ին հայերը հետ գրավեցին Շենիկը՝ ձեռք բերելով ռազմավարական այդ թվում՝ 3 թնդանոթ: Թուրք-քրդական հրոսակները, համալրվելով Մաշի կոտորածներն իրականացրած թուրք-քրդական ուժերով, հուլիսի 23-ին անցան նոր հարձակման, գրավեցին Անդոկի ստորոտին գտնվող Հրմոյի գոմերը, կոտորեցին հայերին, հատկապես կանանց և երեխաներին: Անդոկի, Ծովասարի և Գեբինի լեռներում սասունցիները դիմադրեցին մինչև օգոստոսի 3-ը: Թուրք-քրդական բարբարոսները կոտորեցին պաշտպանների մեծ մասին, քչերին հաջողվեց մարտերով ճեղքել կրակի գիծը:

Ընկճելով Սասունի պաշտպաններին՝ թուրք-քրդական ջարդարարները 60 հզ. հայերից ավելի քան 45 հզ-ին կոտորեցին, մնացածները թաքնվեցին լեռներում ու ձորերում և միայն 1916-ի գարնանը, երբ ռուսական զորքերը գրավեցին Մուշը, մի քանի հազար սասունցիներ իջան լեռներից և փրկվեցին կոտորածից:

Սասունի ինքնապաշտպանությունն ուղղված էր թուրքական կառավարության իրականացրած ցեղասպանության դեմ և հայ ժողովրդի գոյատևման պայքարի հերոսական արտահայտություններից է: 

 

Հ. Պողոսյան

 

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան, 1996թ.:

Տեր-Պարսամյան Ե., «Տարոնո ինքնա¬պաշտպանությունն ու ջարդը 1914-1915» Ֆրեզնո, 1920: 

ՇարաֆյանԵ., «Տարոնի եղեռնը. ականատեսի վկայություններ», Սան Ֆրանցիսկո, 1965:

 

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am