ՍԱՍՈՒՆԻ Կարո [1889 թ., գ. Ահարոնք (Սասունում) – 1977 թ., Բեյրութ] հասարակական, քաղաքական գործիչ, պատմաբան: ՀՀԴ կուսակցության անդամ: Ավարտել է Մուշի Մխիթարյան վարժարանը (1906 թ.), Կ. Պոլսի իրավաբանական համալսարանը (1912 թ.): Գործել է Տարոնում: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ՝ հայկական կամավորական շարժման գործուն մասնակից: 1916 թ., երբ ռուսական զորքերը գրավել են Մուշը, Տարոնում նշանակվել է ընդհանուր կառավարիչ և ռազմական խորհրդական, իսկ զորքերը նահանջելիս կարողացել է փրկել շատ գաղթականների և կազմակերպել նրանց անցումը Արևելյան Հայաստան: 1920 թ. մայիսին նշանակվել է Ալեքսանդրապոլի նահանգապետ, մասնակցել տեղում մայիսյան ապստամբության ճնշմանը: Ընտրվել է Հայաստանի Հանրապետության խորհրդարանի անղամ: 1921 թ. Փետրվարյան ապստամբության ղեկավարներից:

Հայրենիքի փրկության կոմիտեի կազմում եղել է ներքին գործերի նախարար: Բոլշևիկների կողմից Երևանի վերագրավումից հետո անցել է արտասահման, ուր զբաղվել է ստեղծագործական, հրատարակչական աշխատանքով: Բեյրութում երկար տարիներ խմբագրել է «Բագին» գրական, գեղարվեստական հանդեսը: Ուսումնասիրել է հայ ազգային-ազատագրական շարժման, Մեծ եղեռնի, Հայաստանի Հանրապետության պատմության խնդիրները:

Ա. Ներսիսյան

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

Տե՛ս ավելին՝

Տաճկահայաստանը ռուսական տիրապետության տակ (1914-1918), Բոստոն, 1927:

Պատմություն Տարոնի աշխարհի, Բեյրութ, 1956:

Թրքահայաստանը Առաջին աշխարհամարտի ընթացքին (1914-1918), Բեյրութ, 1966:

Մայիսյան խռովությունները և թաթարական ապստամբ շրջանները, Բեյրութ, 1968:

Քյուրդ ազգային շարժումները և հայ-քրդական հարաբերությունները (ԺԵ դարեն մինչև մեր օրերը), Բեյրութ, 1969:

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am